Արգենտինայի նախագահը կհանդիպի Հռոմի պապի հետ, որին ավելի վաղ անվանել էր «սատանայի մարդը Երկրի վրա»

13:24 • 11.02.24

 Հռոմի պապն այսօր Վատիկանում կընդունի Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյին, որը նախքան երկրի ղեկավար դառնալը եղել է պոնտիֆիկոսի ամենաբուռն քննադատներից՝ կաթոլիկների հոգևոր առաջնորդին անվանելով «իմբեցիլ», «կոմունիզմ քարոզող բիձա» և «Երկրի վրա սատանայի մարդը»: Այս մասին գրում է Reuters-ը:

Գործակալությունը նկատում է, որ դեկտեմբերին նախագահ դառնալուց հետո Միլեյը զգալի մեղմել է դիրքորոշումը:

Հռոմի պապը, իր հերթին, ընդգծել է, որ շատ ուշադրություն չի դարձնում վիրավորանքներին՝ մեքսիկական N+ հեռուստաընկերությանն ասելով, որ կարևորն այն է, թե ինչ են անում քաղաքական գործիչները պաշտոնը ստանձնելուց հետո, այլ ոչ թե քարոզարշավի ժամանակ:

Արգենտինայի նախագահը, որն ավելի վաղ ասել էր, որ կարող է հուդայականություն ընդունել, իր պատվիրակության հետ կմասնակցի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագին և երկուշաբթի մասնավոր հանդիպում կունենա Ֆրանցիսկոս Պապի հետ: