Մոր կnղմից երեխայից հրաժարման դեպքեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առկա չեն

12:08 • 22.01.25

Բացառապես մոր կողմից երեխայի խնամքից հրաժարման դեպքերի մասին տեղեկատվություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առկա չէ:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից:

«ՀՀ մարզետարանների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերի կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն վերահասցեագրվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այն երեխաների փաթեթները, որոնց ծնողները հրաժարվել են երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից և անհրաժեշտություն է առաջացել երեխայի խնամքը կազմակերպելու բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա երկարաժամկետ խնամք տրամադրող հաստատություններում:

Բացառապես մոր կողմից երեխայի խնամքից հրաժարման դեպքերի առնչությամբ տեղեկատվություն նախարարությունում առկա չէ»,-ասված է նախարարության պատասխանում:

Tert.am-ը մասնավորապես նախարարությունից հետաքրքրվել էր, արդյո՞ք, եղել են մոր կողմից երեխայից հրաժարվելու դեպքեր վերջին երեք տարում, գրանցվե՞լ է նման դեպք 2025 թվականին:

Նշենք, որ սոցիալական ցանցի խմբերից մեկում անանուն գրառում էր արվել, թե մայրը հրաժարվել է 9 տարեկան երեխայից և անհրաժեշտ է օգնություն հորը, քանի որ սեզոնային աշխատանք է կատարում, իսկ օգտատերերը խնդրել էին դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: