ԵՄ-ն նախատեսում է արգելել Ռուսաստանին խաղային կցորդների վաճառքը

17:15 • 28.01.25

Եվրամիությունը նախատեսում է արգելել Ռուսաստանին խաղային կցորդների վաճառքը, քանի որ, ըստ Բրյուսելի, ՌԴ զինվորականներն օգտագործում են այդ սարքերն Ուկրաինայում պատերազմական գոտում անօդաչու թռչող սարքերը կառավարելու համար, գրում է Financial Times (FT) թերթը։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայ Կալլասի խոսքով՝ արգելքը կներդրվի Մոսկվայի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ արդեն 16-րդ փաթեթի շրջանակում։ 

Կալլասը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ Բրյուսելը պատժամիջոցների ցանկում ներառել է «բոլոր տեսակի սարքերը», որոնք օգնում են Ռուսաստանին ռազմական գործողություններն իրականացնելու հարցում։

«Նույնիսկ տեսախաղերի կցորդները, քանի որ, ըստ երևույթին, հենց դրանց միջոցով են կառավարում անօդաչուները»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Հստակեցվում է, որ խաղային կցորդների երեք խոշորագույն արտադրողները՝ ամերիկյան Microsoft-ը, ճապոնական Nintendo-ն ու Sony-ն, դադարեցրել են իրենց սարքերի վաճառքը Ռուսաստանում դեռևս 2022 թվականի մարտի սկզբին։ Այժմ ԵՄ արգելքն ուղղված կլինի ԵՄ երկրներում առանձին վաճառողներին, որոնք շարունակում են Ռուսաստան առաքել խաղային կցորդները (ներառյալ օգտագործվածները):