Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մարտի 1-ին
Աբխազիայում նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների կեսից ավելին, ուստի մարտի 1-ին կկայանա երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), գրում է Apsnypress-ը։
Նախագահի պաշտոնի թեկնածուներն էին նախկին փոխվարչապետ Ադգուր Արձինբան, Աբխազիայի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Ռոբերտ Արշբան, ՌԴ-ում հանրապետության նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, փոխնախագահ Բադրա Գյունբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրումալը։
ԿԸՀ-ի տվյալներով՝ Գյունբան հավաքել է ձայների 46,38%-ը։ Արձինբան ստացել է ձայների 36,92%-ը։ Մնացած երեք թեկնածուներն ընդհանուր առմամբ ստացել են ձայների 10%-ից ավելին։ Արշբային աջակցել է քաղաքացիների 7,54%-ը, Բարցիցին՝ 4,04%-ը։ Վերջին տեղը զբաղեցրել է Սեւծովյան զարգացման բանկի նախագահ Խուրումալը՝ ձայների 0,97%-ով։
Մասնակցությունը հասել է 69 տոկոսի, քվեարկությանը մասնակցել է գրեթե 99,000 մարդ, հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի տվյալները։ «Աբխազիայում նախագահական ընտրությունների վերաքվեարկությունը կկայանա մարտի 1-ին», հաղորդում է Apsnypress-ը։
Աբխազիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն ընդունվել է 2024 թվականի նոյեմբերին երկրի նախկին նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականից հետո՝ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքներով։ Ցուցարարները համաձայն չեն Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հետ։ Միաժամանակ Գյունբան սկսեց կատարել Աբխազիայի ղեկավարի պարտականություններն ու լիազորությունները։










