Արհեստական բանականությունը սովորել է ուղեղի ազդանշաններով կանխատեսել ռոմանտիկ գրավչությունը

09:22 • 03.10.25

Իսրայելի Բեն-Գուրիոնի համալսարանի գիտնականները մշակել են մեքենայական ուսուցման մոդել, որը համեմատաբար բարձր ճշգրտությամբ կանխատեսում է ռոմանտիկ ձգողականության զգացումները այն պայմաններում, որոնք նմանակում են ծանոթությունների հավելվածի աշխատանքը։ Աշխատանքը հրապարակվել է Computers in Biology and Medicine (CBM) ամսագրում, փոխանցում է gazeta.ru-ն։

Փորձին մասնակցել է 23-ից 32 տարեկան 61 ուսանող։ Երբ դիտում էին պոտենցիալ զուգընկերների լուսանկարները, նրանց ուղեղի ակտիվությունը գրանցվում էր էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի միջոցով։

Մասնակիցները նշում էին, թե ովքեր են իրենց դուր գալիս ապա ստանում էին «հետադարձ կապ»՝ ենթադրաբար՝ իրենց զուգընկերների գնահատականը (իրականում դա մոդելավորվում էր)։

Սա նրանց թույլ էր տալիս կրկնօրինակել ժամադրությունների հավելվածների հիմնական մեխանիզմը՝ գրավչությունը և պոտենցիալ մերժումը։

Մեքենայական ուսուցման ալգորիթմները վերլուծել են ուղեղի էլեկտրական արձագանքները՝ այսպես կոչված հարուցված պոտենցիալները։ Մոդելները կանխատեսել են մասնակիցների ռեակցիաները գրավչության նկատմամբ՝ 71,3% ճշգրտությամբ, իսկ մերժման դեպքում՝ 81,3% ճշգրտությամբ։ Միևնույն ժամանակ «խիստ ընտրող» մասնակիցների մոտ, ովքեր ավելի քիչ մարդկանց էին գնահատում որպես գրավիչ, ալգորիթմները ավելի լավ էին գործում, ինչը, ըստ հեղինակների, կապված է ավելի արտահայտված և բնորոշ նեյրոնային ազդանշանների հետ։

«Վերլուծելով ազդանշանները՝ մենք կարող ենք կանխատեսել օգտագործողի գործողությունները ծանոթությունների հավելվածներում։ Սա հնարավորություն է տալիս հասկանալու էմոցիաները՝ արդյո՞ք նրանք ինչ-որ մեկին գրավիչ են համարում, թե՞ ունեն մերժման հետ կապված բացասական զգացումներ», -նշել են աշխատանքի հեղինակները։