Գիտությունը՝ զգացմունքից վեր․ ինչու է տվյալների վրա հիմնված քաղաքականությունը կարևոր ավելի լավ ապագայի համար

18:02 • 06.10.25

Tert.am-ի հարցազրույցը Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի Հարավարևելյան Ասիայի, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում կորպորատիվ հարցերով փոխնախագահ Անդրեա Գոնտկովիչովայի հետ․

-Իմ առաջին հարցն է՝ ինչպե?ս կարող են երկրները համագործակցել՝ արագացնելու ավելի լավ հանրային առողջապահական քաղաքականությունների և օրենսդրության ընդունումը։

-Մինչ անդրադառնամ Հայաստանին, որը հավանաբար Ձեզ առաջնայինն է հետաքրքիր, կբերեմ Եվրոպական միության օրինակը։ Քանի որ ես ունեցել եմ փորձ աշխատելու ԵՄ օրենսդրության վրա։ Արդեն 2012 թվականին սկսվեցին քննարկումները նոր կատեգորիաների շուրջ, երբ այդ ապրանքները դեռ շուկայում չէին։ Էլեկտրոնային սիգարետների որոշ նախնական նախաձեռնություններ կային 2011-ին։ ԵՄ-ում քննարկվում էր կարևոր օրենսդրական փաստաթուղթ՝ ծխախոտային արտադրանքի դիրեկտիվը, և որոշվեց ուշադրություն դարձնել դրան։ Այդ դիրեկտիվը վերաբերում էր միայն սիգարետին և բոլոր այն ծխախոտային ապրանքներին, որոնք այրվում են։

Այնուհետև՝ 2012-2014 թվականներին, ստեղծվեցին երկու նոր կատեգորիաներ՝ առանց ծխի նիկոտինային և ծխախոտային արտադրանքներ։ Մի կատեգորիան՝ ծխախոտի տաքացման համակարգերն էր, այսինքն՝ ծխախոտ, որը չէր այրվում, չուներ ծուխ, իսկ երկրորդը՝ էլեկտրոնային սիգարետները։ Ինձ համար դա առաջադեմ մոտեցում էր․ արգելելու կամ «սա իմաստ չունի» ասելու և գաղափարախոսությունից վախենալու փոխարեն, նրանք որոշեցին կարգավորել այդ ապրանքները։ Ստեղծվեցին նոր կատեգորիաներ և կանոններ՝ նիկոտինի մակարդակ, հեղուկի բաղադրություն, առողջապահական նախազգուշացումներ, արտադրություն և այլն։ Առաջին կարգավորումներն արդեն պատրաստ էին 2012-2013 թվականներին, օրենսդրորեն ընդունվեցին 2014-ին և տեղափոխվեցին ԵՄ անդամ երկրների ազգային օրենսդրություններ։

Եթե այս օրինակը համեմատենք, կարծում եմ՝ այն կարելի է կիրառել Եվրասիական տնտեսական միությունում, և դա իսկապես հիանալի կլինի։ Երբ երկրները սերտ համագործակցում են, այդ թվում՝ տնտեսական առումով, և կա ապրանքների ու մարդկանց մեծ շարժ, շատ օգտակար է ունենալ հավասար կանոններ բոլորի համար․ դա հստակություն է տալիս։

-Ինչո՞ւ եք կարծում, որ գիտության վրա հիմնված որոշումները կարևոր են ծխախոտի և նիկոտինի արտադրանքների համար։

-Ես հավատում եմ, որ գիտության վրա հիմնված քննարկումներն ու կարգավորումը շատ կարևոր է, քանի որ գիտենք՝ նիկոտինը հատուկ նյութ է, և այսօր արդեն գիտենք, որ այն թունավոր չէ։ Մենք ընդունում ենք, որ այն կախվածություն է առաջացնում, բայց այն պետք է օգտագործվի որոշակի կանոնների շրջանակում։ Իսկ եթե խոսում ենք կանոնների մասին, պետք է ունենանք փաստեր, և կարծում եմ՝ այդ կանոնների ձևավորման համար գիտությունը կարևոր է։

-Մենք գիտենք, որ ՖՄԻ-ն հայտնի է տարբեր շուկաներում միջազգային փորձի ներդրմամբ։ Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի մասին, ի՞նչ է բերել ՖՄԻ-ն Հայաստան։

-Կարծում եմ՝ Ֆիլիպ Մորրիսը երկար տարիներ մեծ ուշադրություն է դարձրել Հայաստանին՝ թե բիզնեսի, թե նոր արտադրանքների ներդրման առումով։ Մեր անծուխ տաքացվող արտադրանքները Հայաստանում հասանելի են 2018 թվականից։ Չնայած Հայաստանը փոքր երկիր է (ես ինքս էլ փոքր երկրից եմ՝ Սլովակիայից՝ 5 միլիոն բնակչությամբ), Ֆիլիպ Մորրիսը շատ անաչառ է․ մենք ցանկանում ենք ավելի լավ արտադրանքներ առաջարկել բոլոր երկրներին, բոլոր չափահաս նիկոտին օգտագործողներին՝ անկախ աշխարհագրությունից, տնտեսական ուժից, կրոնից և այլն։ Հայաստանին նույնպես այդ մոտեցմամբ ենք վերաբերվում։

Մենք բերել ենք արտադրանքներ, ներդրում ենք արել գիտահետազոտական ոլորտում, քանի որ Հայաստանը ունի միջազգային հեղինակություն՝ որպես լավ գիտնականների, մաթեմատիկոսների, հետազոտողների երկիր։ Մենք, ճանաչելով այդ մտավոր ներուժը, ներդրում ենք կատարել գիտահետազոտական կենտրոնում, որը գործում է 2018-ից, և շարունակում ենք։
Իհարկե կցանկանայինք բերել նաև այլ արտադրանքներ, քանի որ գիտենք՝ անծուխ արտադրանքները միայն տաքացվող ծխախոտը չեն․ կան նաև նիկոտին պարունակող տաքացվող հեղուկներ, ինչպես նաև նիկոտինային բարձիկներ։ Բայց առհասարակ դժվար է նոր արտադրանք բերել այնպիսի երկիր, որտեղ դրանք կարգավորված չեն, քանի որ այդ դեպքում կանոններ չկան։ Կարծում եմ՝ շուկան տուժում է կանոնների և կարգավորումների բացակայությունից․ եթե դրանք չկան, ինչպե՞ս կարելի է վերահսկել մի բան, որը գոյություն չունի։ Մենք գիտենք, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում կարգավորումների հարցում։

-Շնորհակալություն։ Վերջին հարցս․ պատկերացրեք, որ բոլորը Ձեզ են լսում հիմա։ Ի՞նչ կասեք այս ոլորտի ղեկավարներին, նորարարներին, կարգավորող մարմիններին և բիզնեսներին։ Ի՞նչ ուղերձ ունեք նրանց։

-Ես կխրախուսեի նրանց՝ որքան հնարավոր է արագ հետևել այս գիտականորեն ապացուցված ավելի լավ ճանապարհին՝ չափահաս ծխողների համար։ Կարծում եմ՝ ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս կորցնելը տխուր իրադարձություն է չափահաս ծխողների համար, ովքեր այլապես կշարունակեն ծխել և չունեն տեղեկատվություն կամ հասանելիություն ավելի լավ արտադրանքներին։ Այս արտադրանքները գոյություն ունեն արդեն ավելի քան 10 տարի՝ որոշ երկրներում նաև վաճառվում են։ Այսպիսով, նոր բան սովորելու կարիք գրեթե չկա․ պարզապես պետք է բացել դուռը և թույլ տալ չափահաս ծխողներին ունենալ բավարար, ճիշտ, փաստացի տեղեկատվություն այդ արտադրանքների մասին և հասանելիություն դրանց։