«Էֆո» դհոլ ակադեմիայի սաները Պյուտոյի կոնսերվատորիայում ներկայացրին հայկական դհոլի ելևէջները (լուսանկարներ)

13:11 • 10.11.25

Հայկական դհոլի հնչյունները վերջերս դարձյալ համախմբել էին փարիզյան արվեստասերներին: Հայ երաժիշտ-դհոլահար Սերգեյ Խաչատրյանի (Էֆո) և «Էֆո» դհոլի ակադեմիայի սաների հերթական շրջագայությունը Ֆրանսիայում վերածվեց իսկական մշակութային երկխոսության, որն այս անգամ ընդգրկում էր ոչ միայն համերգային բեմը, այլ նաև ակադեմիական լսարանները:

Շրջագայության ամենակարևոր դրվագներից մեկը Պյուտոյի կոնսերվատորիայում (Conservatoire de Puteaux) նոյեմբերի 5-ին կայացած մասնագիտական հանդիպումն էր, որտեղ Էֆոն վարպետության դաս վարեց կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների համար: Վարպետության դասի շնորհիվ Էֆոն եվրոպացի գործընկերներին փոխանցեց հայկական գործիքի առանձնահատկությունն  ու  կատարողական արվեստի երաժշտական նրբությունը, ինչն արժանացավ տեղի երաժշտական էլիտայի բարձր գնահատականին:

Հատկանշական է, որ Պյուտոյի կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից առանձնահատուկ ուշադրության և բարձր գնահատականի է արժանացել Էֆոյի հեղինակած «Դհոլի բանալի» գիրք-ձեռնարկը: Այն վաղուց Հայաստանում դարձել է ինչպես նոր սերնդի, այնպես էլ հմուտ երաժիշտների սեղանի գիրքը:

Դասագրքում հեղինակը մանրամասն ներկայացնում է հայկական դհոլ նվագելու ամենակարևոր առանձնահատկություններն ու հմտությունները: Ձեռնարկի առանձնակի արժեքը կատարման տեխնիկայի պատկերավոր օրինակներն են՝ ներկայացված մետրո-ռիթմիկ մոդելների տեսքով, որոնք տիպաբանորեն կապված են դհոլ նվագելու բնույթի հետ:

Այս բացառիկ աշխատությունը, որն իր մեջ ներառում է տեքստային նկարագրություններ և պատկերներ, տեսանյութերի և հարուստ հավելվածի միջոցով ներկայացվել է եվրոպացի մասնագետներին, որոնց կողմից  որակվել է որպես ուսումնական կատարյալ ձեռնարկ: Դհոլի ուսուցման նման նորարարական մեթոդիկա ստեղծելու համար Պյուտոյի կոնսերվատորիայի կողմից Էֆոն արժանացել է պատվոգրի:

«Գրքի հանդեպ ցուցաբերված նման հետաքրքրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք: Մեր նպատակն է հայկական դհոլի ուսուցումը դնել գիտական հիմքերի վրա և այն հասանելի դարձնել աշխարհին», մեզ հետ զրույցում նշեց Էֆոն:

Իսկ սեմինարի հաջորդ օրը՝  նոյեմբերի 6-ին, հերթը բեմինն էր՝ «Էֆո» դհոլ ակադեմիայի սաները Սերգեյ Խաչատրյանի ղեկավարությամբ, հանդիսատեսին ավանդական դհոլը ներկայացրին նորովի ու արդիական շնչով: Փարիզյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ զգալու այն հզոր էներգետիկան, որը բնորոշ է միայն հայկական ռիթմին: Համերգի ավարտին հնչող երկարատև ծափահարությունները փաստեցին մեկ կարևոր իրողություն՝ հայկական մշակույթն այսօր աշխարհի ամենապահանջված ու հետաքրքիր ուղղություններից է:

«Մեր սաների համար սա մեծ փորձառություն էր՝ ներկայացնելու մեր ազգային գործիքը աշխարհի մշակութային մայրաքաղաքներից մեկում: Տեսնելով ֆրանսիացի ուսանողների ու հանդիսատեսի ոգևորությունը՝ վստահորեն կարող եմ ասել, որ հայկական ռիթմը սահմաններ չի ճանաչում և ընկալելի է բոլոր ազգերին»,- ամփոփելով փարիզյան այցը նշեց Սերգեյ Խաչատրյանը

«Էֆո» դհոլ ակադեմիան շարունակում է իր հաղթարշավը և ամենահզոր ու անկեղծ լեզվով՝ երաժշտությամբ, աշխարհին պատմելով Հայաստանի և հայ երաժշտարվեստի մասին։

Հեղինակ՝ Վարդան Մանուկյան

«Էֆո» դհոլ ակադեմիայի սաները Պյուտոյի կոնսերվատորիայում ներկայացրին հայկական դհոլի ելևէջները (լուսանկարներ)