ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի նավահանգիստ ընթացող դատարկ լցանավի վրա hարձակման մասին

09:36 • 03.06.26

Ամերիկացի զինվորականները Hellfire հրթիռով հարված են հասցրել Lexie նավթային տանկերին, որն առանց բեռի ուղևորվում էր իրանական նավահանգիստ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը։

«Կենտրոնական հրամանատարությունն ապահովել է շրջափակման պահպանումը՝ միջոցներ ձեռնարկելով Բոթսվանայի դրոշի ներքո միջազգային ջրերում դեպի Խարկ կղզի ընթացող Lexie տանկերի դեմ։ Նավի անձնակազմը 24 ժամ շարունակ անտեսել է բազմաթիվ նախազգուշացումները և չի կատարել ԱՄՆ ԶՈւ հրահանգները։ Ի վերջո, ամերիկյան թռչող սարքը շարքից հանել է նավը՝ Hellfire հրթիռ արձակելով մեքենայական բաժանմունքի ուղղությամբ, որպեսզի թույլ չտա տանկերին հասնել Իրան», - ասված է հրամանատարության հայտարարության մեջ։

Ինչպես պնդվում է, ապրիլի 13-ին Իրանի ծովային շրջափակման մեկնարկից ի վեր ԱՄՆ ԶՈւ-ն շարքից հանել է 6 առևտրային նավ, իսկ 122-ը՝ վերաուղղորդել։