Զարգացման և լսարանի հետ ամուր կապի ձևավորման 4 տարի. GO.FM ռադիոկայանը նշում է տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամփոփելով անցած տարիների ձեռքբերումներն ու արձանագրած հաջողությունները՝ GO.FM ռադիոկայանը նշում է գործունեության 4-ամյակը:
Տարիների ընթացքում GO.FM-ը կարողացել է ձևավորել իր ուրույն տեղը հայկական մեդիա դաշտում՝ առաջարկելով ժամանակակից, երաժշտական և տեղեկատվական բովանդակություն: Դրանք եղել են զարգացման, նորարարական գաղափարների ներդրման և լսարանի հետ ամուր կապի ձևավորման շրջան:
Տոնական օրը ռադիոալիքը որոշել է նշել հետաքրքիր ձևաչափով՝ կազմակերպելով կարաոկե անկյուն ունկնդիրների համար, ովքեր հնարավորություն են ունեցան երգել ամենասիրելի հիթերն ու ձայնագրվել տեղում:
«Այսօր մենք նշում ենք GO.FM-ի ծննդյան տարեդարձը: 4 տարի անդադար միջոցառումներ, բիթեր ու հիթեր են հասել մարդկանց սրտին GO.FM-ի միջոցով ու այսօր մարդկանց հրավիրում ենք երգելու, ուրախանալու ու տոնը կիսելու մեզ հետ»,-ասում է GO.FM ռադիոկայանի հաղորդավար Ավետ Զոհրաբյանը:

Ռադիոալիքի տարեդարձը հետաքրքիր էր մեծ ու փոքր ունկնդիրներին, ովքեր բաց չթողեցին իրենց սիրելի հիթերը կատարելու և մրցույթին մասնակցելու հնարավորությունը:
Հյուրերից մեկն ասում է՝ իր երեխան հաճախ է միացնում ռադիո, լսում, երբեմն նաև երգում, կարելի է ասել՝ հոբբին է: Մյուսն էլ նշում է՝ մեծ սիրով է լսում, բայց ցանկանում է, որ երգացանկում հայերեն երգեր շատ լինեն ընդգրկված:
«Թիվ-թվաբանություն» և «Թեմայի մեջ» հաղորդումների հեղինակ-հաղորդավար Աիդա Կիրակոսյանն ասում է, որ քաոսի մեջ «GO.FM»-ն այն գույնն է, որը կարելի է լսել, ունենալ բարձր տրամադրություն, ստանալ նոր տեղեկություն, ճանաչել հայտնիներին՝ այլ տեսանկյունից:
«Միջոցառումը, ինչպես տեսնում եք, մարդաշատ է դառնում, որովհետև ընտրել ենք ամենալավ ֆորմատը: Այն կոնտենտը, որը մենք ներկայացնում ենք որպես ժամանցային ալիք, իսկապես ապահովում է այն որակյալ ժամանցը, որի կարիքն ունենում են մեր քաղաքացիները: Ես վստահեցնում եմ՝ մեր որակյալ ժամանցը սկսվում է լավ երաժշտությունից, ավարտվում է ինտելեկտուալ խաղերով, հարցուպատասխաններով, զրույցներով, որոնք կարող են ինչ-որ բան փոխանցել ունկնդիրներին»,-հավելում է GO.FM ռադիոկայանի հաղորդավար Աիդա Կիրակոսյանը:

Տարեդարձի առթիվ GO.FM-ը նախապատրաստել է մի շարք անակնկալներ ունկնդիրների համար, որոնցից մեկը Վարուժան Աթոյանի նոր՝ «Սերիֆիկատոր» հաղորդումն է:
«Նախագիծը զույգերի մասին է, մենք իրենց օգնում ենք բացահայտել մեկը մյուսին, տալիս ենք հարցեր և ստի դետեկտորով ստուգում ենք: Հետաքրքիր նախագիծ է, անպայման կտեսնեք»,-մանրամասնում է GO.FM ռադիոկայանի հաղորդավար Վարուժան Աթոյանը:

Ամփոփելով անցած 4 տարին՝ GO.FM-ի թիմը վստահ է՝ ռադիոալիքը շարունակելու է գործունեությունը՝ հավատարիմ մնալով որակյալ բովանդակություն ստեղծելու առաքելությանը:















