Մոուրինյուի գլխավորությամբ «Ռեալը» կարող է շատ ավելի ուժեղ դառնալ․ Կառլես Պույոլ

19:20 • 19.08.26

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլի կարծիքով՝ Ժոզե Մոուրինյուի վերադարձը Մադրիդի «Ռեալ» կարող է միայն օգուտ բերել մադրիդյան ակումբին։

«Մոուրինյուի գլխավորությամբ նրանք կարող են շատ ավելի ուժեղ դառնալ»,- Պույոլի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Իսպանացի նախկին ֆուտբոլիստը վերհիշել է Մոուրինյուի և Պեպ Գվարդիոլայի աշխատանքի տարիներին երկու գրանդների միջև առկա թեժ դիմակայությունը․

«Մենք խոսում ենք մեծագույն մարզչի մասին։ Ես հանդիպել եմ նրան «Բարսելոնայում», երբ դեռ ակադեմիայում էի և նոր էի տեղափոխվում առաջին թիմ։ Արդեն այն ժամանակ պարզ էր, որ նա շատ բան գիտի ֆուտբոլի մասին։ Այնուհետև նա հիանալի կարիերա կառուցեց և գլխավորեց «Ռեալը»։ Այդ տարիներին մենք մեր հնարավորությունների գագաթնակետին էինք։ Դա մեծագույն մրցակցություն էր»,- նշել է Պույոլը։

Միևնույն ժամանակ, «Բարսելոնայի» լեգենդը վստահություն է հայտնել նաև իր նախկին թիմի նկատմամբ։ Պույոլը կարծում է, որ կատալոնացիները ներկայումս բավականին ուժեղ կազմ ունեն և ի զորու են հաջող մրցաշրջան անցկացնել։

Աղբյուրը`ArmSport.am
Մոուրինյուի գլխավորությամբ «Ռեալը» կարող է շատ ավելի ուժեղ դառնալ․ Կառլես Պույոլ