Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ընթացք կտան ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումների հետ կապված։ Դատախազությունը սկսել է ուսումնասիրություն, ու չի բացառվում՝ գործը հասնի քրեական վարույթին ու գնա Հակակոռուպցիոն կոմիտե։
Բանն այն է, որ արդեն մի քանի օր մամուլի էջերում թեժ քննարկվող ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբոր՝ Տիգրան Համբարձումյանի գործունեության շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս։
Ինչպես արդեն գրել էր «Հետք»-ը, Տիգրան Համբարձումյանը Սիսիանի համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ է։ Միաժամանակ պարզվել էր, որ նա 2025 թվականին 300 հազար դրամով ձեռք բերած 1998 թվականի արտադրության «Opel» մակնիշի ավտոմեքենան Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ին մեկ տարով վարձակալության է տվել 1 մլն 990 հազար դրամով։ Մրցույթին մասնակցել էր միայն Տիգրան Համբարձումյանը։
Այս պատմության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Տիգրան Համբարձումյանը Սիսիանում աշխատում է նաև անտառտնտեսության տնօրեն, և այդ պաշտոնում նրա հայտնվելու հարցում, ըստ մեր աղբյուրների, դերակատարում է ունեցել նախկին շրջակա միջավայրի նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սիմիդյանը մտերիմ, ընկերական հարաբերություններ ունի Կարեն Համբարձումյանի հետ։
Ավելին, դեռևս 2025 թվականին Համբարձումյանի եղբորը Սիսիան-Գորիսի Էկոպարեկայինի պետ է եղել։
Այսպիսով, Կարեն Համբարձումյանի եղբոր անունը վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել միանգամից մի քանի հանգամանքով՝ նա Սիսիանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ է, աշխատում է որպես անտառտնտեսության պետ, իսկ նրա՝ 300 հազար դրամով ձեռք բերված հին «Opel»-ը մեկ տարվա համար ՊՈԱԿ-ին վարձակալության է տրվել գրեթե 2 միլիոն դրամով։
Հատկանշական է, որ երեկ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը փորձել է պարզաբանել եղբոր մեքենայի վարձակալության շուրջ բարձրացած աղմուկը։ Պատգամավորը նշել է, որ 2 միլիոն դրամը մեկ տարվա վարձակալության գումարն է, և իր հաշվարկով այն ամսական կազմում է մոտ 150 հազար, իսկ օրական՝ շուրջ 5 հազար դրամ։ Նա նաև հայտարարել է, որ եթե որևէ մեկը պատրաստ է մեքենան նույն ծառայության համար տրամադրել օրական 5 հազար դրամով, կարող է մասնակցել մրցույթին։
Մինչդեռ «Հետք»-ի հրապարակման համաձայն՝ խոսքը 1998 թվականի արտադրության «Opel»-ի մասին է, որը Տիգրան Համբարձումյանը 2025 թվականին ձեռք էր բերել ընդամենը 300 հազար դրամով։
Ու հիմա, երբ «Opel»-ի շուրջ պատմությանը ավելանում է նաև Տիգրան Համբարձումյանի՝ Սիսիանի անտառտնտեսության տնօրենի աշխատանքի հանգամանքը, հարց է առաջանում՝ արդյոք այս բոլոր փաստերի համադրությունը պատահականությունների շարք է, թե՞ Սիսիանում իշխանական կապերի միջոցով ձևավորված հետաքրքիր փոխհարաբերությունների մասին նոր հարցեր են առաջանում։
Հիշեցնենք նաև, որ Կարեն Համբարձումյանը նախկինում ԲՀԿ անդամ էր։ 2017-ին ԲՀԿ-ն նրան առաջադրել էր Սիսիանի քաղաքապետի թեկնածու։ Նշենք նաև, որ Կարեն Համբարձումյանը ԲՀԿ-ական լինելու ժամանակ աշխատում էր «Հայէլցանց»-ում՝ որպես բաժնի պետ։ Նա Սիսիանի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է։ 2018 թվականի հոկտեմբերին նա հայտարարեց ԲՀԿ-ից դուրս գալու մասին, դարձավ ՔՊ-ական»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։










