Ռոնալդուն պատմության մեջ է մտել որպես 2 միլիարդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստ
«Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական պատմական ռեկորդն է գրանցել՝ այս անգամ ֆինանսական դաշտում։ Ինչպես հայտնում է հեղինակավոր Forbes պարբերականը, պորտուգալացին դարձել է պատմության առաջին ֆուտբոլիստը, որի վաստակած գումարը հասել է 2 միլիարդ դոլարի։
Ընդգծվում է, որ խոսքը ոչ միայն ակումբների հետ կնքված պայմանագրերով նախատեսված աշխատավարձի, այլև ֆուտբոլիստի եկամտի մնացած բոլոր աղբյուրների (գովազդներ, հովանավորչական պայմանագրեր, բիզնես նախագծեր) մասին է։
Հիշեցնենք, որ 41-ամյա Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։ Սաուդյան Արաբիայի առաջնության 11-րդ տուրում նրա թիմն արտագնա խաղում վստահ՝ 3-1 հաշվով հաղթանակ է տարել «Ալ-Ֆեյսալիի» նկատմամբ: Այդ հանդիպմանը պորտուգալացի հարձակվողն աչքի է ընկել գլխի դիպուկ հարվածով՝ հեղինակելով իր պրոֆեսիոնալ կարիերայի 982-րդ գոլը։














