ԱԷՄԳ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջnւկային թեմատիկայով փոխգործակցություն կառուցելիս. Գրոսի

11:46 • 01.10.26

ԱԷՄԳ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջուկային թեմատիկայով փոխգործակցություն կառուցելիս, ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Մենք կարող ենք այն կառուցել հարգալից, հաշվի առնելով նրանց պահանջները։ Բայց չտարածման ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակվի», - ասել է Գրոսին՝ պատասխանելով միջուկային ոլորտում Թեհրանի հետ ԱԷՄԳ-ի երկխոսության հեռանկարների մասին հարցին։

Առանցքային հարցերից մեկը մնում է Իրանում ԱԷՄԳ-ի տեսչական գործունեության լիարժեք վերսկսումը։ Տեսուչների աշխատանքը սահմանափակվել էր Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից ու գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին Թեհրանի հաջորդած որոշումից հետո։

Գրոսիի խոսքով՝ հետագա փոխգործակցության բնույթը մեծ մասով կախված է այլ քաղաքական հարցերի զարգացումից, ուստի գործակալությունը պետք է դրսևորի հետևողականություն և համբերություն։ Ընդ որում, նա հայտնել է կարծիք, որ ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը համապատասխանում է հենց Իրանի շահերին։

«Մենք հստակ հասկացնել ենք տալիս իրանցի գործընկերներին, որ փոխգործակցությունն անհրաժեշտ է, և որ նրանք պետք է համագործակցեն մեզ հետ», - հայտարարել է ԱԷՄԳ-ի ղեկավարը։