Իսրայելը կարող է մասնակցել Flydubai ավիաընկերության ինքնաթիռի միջադեպի հետաքննությանը. Նեթանյահու

09:58 • 01.10.26

Իսրայելը կարող է մասնակցել Flydubai ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի հետաքննությանը։ Այդ մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հարձակվող օդաչուին այժմ հարցաքննում են Սաուդյան Արաբիայում։ Կարծում եմ՝ նրան կտեղափոխեն ԱՄԷ, որտեղից նա թռել է, իսկ մենք կհետևենք հետաքննությանը և, հնարավոր է, նույնպես կմասնակցենք դրան», - ասել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ հետաքննությունը պետք է պարզի տեղի ունեցածի հանգամանքները։

«Այնպես որ, մենք կպարզենք», - հավելել է վարչապետը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ ձևաչափով Իսրայելը կարող է միանալ հետաքննությանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ չվերթ իրականացնող Flydubai ուղևորատար ինքնաթիռը առգրավման ազդանշան է տվել։ Ավելի ուշ օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Flydubai-ի մամուլի ծառայությունից, բոլոր ուղևորները անվտանգության մեջ են։ Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի վարկածով՝ միջադեպի պատճառ է դարձել երկու օդաչուների միջև կռիվը։ Ինչպես հայտնել է իսրայելական i24News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին, նրանցից մեկը դանակահարվել է։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը միջադեպը որակել է որպես ահաբեկչական փորձ։