ԱՄՆ-ը կարող է պատժամիջnցներից հանել Իրանի և Իրաքի միջև ավիաչվերթների մի մասը․ Reuters
Վաշինգտոնի վարչակազմը դիտարկում է Իրանի դեմ պատժամիջոցներից Իրանի և իրաքյան Էն-Նաջաֆ քաղաքի միջև որոշ ավիաչվերթներ հանելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դրա աղբյուրի խոսքով՝ «Թրամփի վարչակազմը դիտարկում է Իրանի դեմ պատժամիջոցների սահմանափակ մեղմացման հնարավորությունը, որն ուղղված է շիա մուսուլման ուխտավորների համար նրա և Իրաքի միջև չվերթների թույլտվությանը»։
Ինչպես ճշգրտվում է հրապարակման մեջ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարող է հանել սահմանափակումները, որպեսզի թույլ տա իրաքյան Iraqi Airways ավիաընկերությանը մեկ ամսվա ընթացքում չվերթներ իրականացնել Էն-Նաջաֆ քաղաքից դեպի Իրան և հակառակ ուղղությամբ։ Թույլատրվում է այդ ժամկետի երկարաձգման հնարավորությունը։
Al Hadath հեռուստաալիքն ավելի վերջերս հանդես էր եկել պնդմամբ, որ իրաքյան իշխանությունները բանակցություններ են վարում ԱՄՆ վարչակազմի հետ Իրանի հետ ավիահաղորդակցության մասնակի վերականգնման շուրջ։ Դրա աղբյուրների տեղեկություններով՝ Իրաքը խնդրել է ԱՄՆ-ին թույլատրել Iraqi Airways-ին սահմանափակ թռիչքներ իրականացնել դեպի Իրան։ Որպես փոխզիջում՝ Բաղդադն առաջարկել է Իրանից բոլոր չվերթներն ընդունել միայն մեկ օդանավակայանում՝ Էն-Նաջաֆում։










