Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին

19:32 • 28.09.26

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին:

Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Նորին Սրբությանը ներկայացրել է խորհրդաժողովի աշխատանքները՝ անդրադառնալով Հայ դատի կառույցների գործունեության առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ներկաներին՝ կարևորելով միջազգային հարթակներում հայկական շահերի պաշտպանության և համազգային հիմնախնդիրների բարձրաձայնման ուղղությամբ գործադրվող հետևողական ջանքերը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու տարածաշրջանային զարգացումները, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները։ Այս առնչությամբ ընդգծվել է ազգային կառույցների ներուժի մեկտեղման հրամայականը՝ ի խնդիր համազգային խնդիրների լուծման և հայրենիքի զորացման։

Անդրադարձ է կատարվել նաև ազգային-եկեղեցական կյանքում առկա մտահոգություններին և իշխանությունների կողմից Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված դատապարտելի արշավին ու հարուցվող խոչընդոտներին։ Ընդգծվել է Հայոց Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելության կարևորությունը ժողովրդի հոգևոր կյանքի զորացման, ազգային ինքնության պահպանման և հայոց պետականության ամրապնդման գործում։