Կարծում եմ՝ միայն «Ռեալը» կամ «Բարսելոնան» կարող են ավելի բարձր մակարդակի ենթակառուցվածքներ ունենալ, քան «Նոան»․ Պաբլո Գարսիա
Միջազգային խաղերով պայմանավորված դադարի ընթացքում Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ Պաբլո Գարսիան ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը՝ ամփոփելով Հայաստանում անցկացրած առաջին ամիսը:
Անդրադառնալով թիմում դրված ամենաբարձր պահանջներին և տիտղոսներ նվաճելու ու եվրագավաթներում հաջողության հասնելու նպատակներին՝ ուրուգվայցի մասնագետը նշել է.
«Այո, շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Նախկինում հնարավորություն եմ ունեցել գլխավորելու Սալոնիկի ՊԱՕԿ-ը, որտեղ նույնպես թիմը ստանձնեցի արդեն ընթացքի մեջ: Մեր առջև դրված էին որոշակի նպատակներ՝ նվաճել գավաթը և առաջնությունն ավարտել երկրորդ տեղում, և մենք կարողացանք հասնել այդ նպատակներին: ՊԱՕԿ-ը երկրպագուական մեծ բանակ ունեցող ակումբ է, որտեղ ֆուտբոլի հանդեպ մեծ կիրք կա: Գիտենք, որ այնտեղ ամեն կիրակի քեզնից արդյունք են պահանջում, և մենք դա ընդունում էինք որպես բնական բան: Առաջին հերթին շնորհակալ եմ այստեղ լինելու հնարավորության համար և շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Կփորձեմ տալ իմ հարյուր տոկոսը, որպեսզի թիմը կարողանա հասնել իր նպատակներին»:
Խոսելով ակումբի առկա և ապագա ենթակառուցվածքների, գործող ակադեմիայի և կառուցվող մարզադաշտի մասին՝ Գարսիան չի թաքցրել իր հիացմունքը.
«Այո, անկեղծ ասած, այստեղ ոչինչ չի պակասում: Մինչ գալս տեսանյութերով տեսել էի, բայց հիմա, երբ ամեն ինչ անձամբ եմ տեսնում, կարող եմ ասել, որ այստեղ իսկապես ամեն ինչ կա: Տպավորիչ է: Կարծում եմ՝ միայն այնպիսի շատ մեծ ակումբներ, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը» կամ «Բարսելոնան», կարող են ավելի բարձր մակարդակի ենթակառուցվածքներ ունենալ: Բայց այստեղ եղած պայմաններն ու հարմարությունները կարող են մրցել Իսպանիայի կամ ցանկացած այլ երկրի շատ թիմերի հետ: Սա շատ կարևոր է նաև այն նոր ֆուտբոլիստների համար, որոնք կարող են այստեղ գալ խաղալու: Նրանք ունեն անհրաժեշտ ամեն ինչ, նրանց մնում է միայն մարզվել ու խաղալ: Իսկապես տպավորիչ է այն, ինչ արդեն ստեղծվել է այստեղ, և այն, ինչ դեռ շարունակում են կառուցել ու զարգացնել, իսկ մարզադաշտի մասին էլ խոսելն ավելորդ է»:
Պատասխանելով երիտասարդ ֆուտբոլիստներին հնարավորություն տալու և նրանց զարգացման վերաբերյալ հարցին՝ մարզիչն ընդգծել է, որ իր համար խաղացողի անձնագիրը նշանակություն չունի.
«Այո, ես իմ մարզչական ճանապարհը սկսել եմ ակադեմիաներում աշխատելով: Բոլոր թիմերում, որտեղ աշխատել եմ, երիտասարդ ֆուտբոլիստները միշտ խաղացել են, շատերն էլ իրենց նորամուտն են նշել: Բայց դա ոչ թե նրա համար է, որ պարզապես սիրում եմ երիտասարդներին, այլ որովհետև ես տարիքին չեմ նայում: Ես նայում եմ՝ արդյոք տվյալ խաղացողն ունի այն որակները, որոնցով կարող է օգնել թիմին, որովհետև թիմը միշտ առաջին տեղում է: Եթե ֆուտբոլիստը արժանի է հնարավորության, պետք է նրան այդ հնարավորությունը տալ: Ես ինքս էլ ներքևից եմ սկսել, այդ ճանապարհով եմ անցել, և դրա համար երիտասարդների հետ աշխատելը ինձ հոգեհարազատ է: Պայմանով, որ նրանք աշխատեն, ջանք գործադրեն և լավ ֆուտբոլիստներ լինեն:
Բարեբախտաբար, այստեղ մենք անընդհատ տեսնում ենք երիտասարդներին, որովհետև նրանք նույնպես այստեղ են մարզվում: Դիտել ենք նաև նրանց մասնակցությամբ հանդիպումներ: Այստեղ ունենք մի քանի հայ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք արդեն խաղացել են և հիմա շատ լավ են աշխատում: Ինձ համար անձնագիրը նշանակություն չունի: Եթե ֆուտբոլիստը ունի անհրաժեշտ որակները, լավ է աշխատում և ազնիվ է իր աշխատանքի նկատմամբ, ինձ մոտ միշտ հնարավորություն կունենա… Ինձ համար կարևոր է ազնիվ լինել, ով լավ է մարզվում և լավ է խաղում, նա պետք է հնարավորություն ստանա: Ես լիովին բաց եմ երիտասարդներին հնարավորություններ տալու հարցում, որովհետև հիշում եմ նաև ինձ որպես ֆուտբոլիստ: Միշտ լինում էր մի երիտասարդ, որի մասին մտածում էիր՝ վայ, ինչ արագ է, շատ դժվար է նրան պահել: Այդ պատճառով երիտասարդներին պետք է աջակցել»:
Մասնագետն անդրադարձել է նաև երկրպագուների աջակցությանն ու իր գլխավոր առաքելությանը.
«Այո, մեր երկրպագուների թիվը դեռ շատ մեծ չէ, բայց այն երկրպագուները, որոնք գալիս են մարզադաշտ, իսկապես զգացնել են տալիս իրենց աջակցությունը: Սա պատասխանատվություն է, որովհետև մենք այստեղ ենք եկել ամեն ինչ ճիշտ անելու համար: Մենք խոսել ենք նախագահի հետ, և պետք է աշխատենք ճիշտ ձևով՝ 100 տոկոսով տալով մեր առավելագույնը: Պետք է օգնենք երիտասարդներին, օգնենք նաև ավելի փորձառու խաղացողներին, բոլոր նրանց, ովքեր այստեղ աշխատում են թիմի համար: Պետք է ամեն ինչ անենք ազնվորեն և ամբողջ ուժով, ինչպես ես միշտ արել եմ՝ սկզբում որպես ֆուտբոլիստ, իսկ հիմա որպես մարզիչ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի կայացած 8 տուրերից հետո «Նոան» 24 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ամբողջական հարցազրույցը կարոք եք դիտել՝ ԱՅՍՏԵՂ։














