Ֆրանսիայում 1,065 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

22:46 • 07.10.26

Ավագ դպրոցի աշակերտների իրականացրած բողոքի գործողությունների մեկնարկից ի վեր Ֆրանսիայի ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 6600 մարդու, տուժածների թիվը գերազանցել է հազարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։

«Բերման է ենթարկվել 6629 մարդ։ Տուժել են 761 ոստիկաններ, 215 աշակերտներ և դպրոցների 89 աշխատակիցներ»,- լսումների ժամանակ հայտարարել է պաշտոնյան, որի ելույթը հեռարձակվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կայքում։

Ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն ավելի վաղ հայտարարել էր, որ ցույցերի ընթացքում կրթօջախների շենքերի վնասման պատճառով ավագ դպրոցի շուրջ 30 հազար աշակերտներ մի քանի շաբաթ չեն կարողանա հաճախել դասերի։

Ավագ դպրոցի աշակերտների բողոքի գործողությունները սկսվել էին սեպտեմբերի վերջին մայրաքաղաքային Իլ-դե-Ֆրանս շրջանում և տարածվել ամբողջ երկրով մեկ։ Մասնակիցները բողոքում են ծանրաբեռնված դասացուցակների, ուսուցիչների պակասի և կրթական համակարգում առկա այլ խնդիրների դեմ։ Որոշ վայրերում բողոքի գործողությունները վերաճել էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Այս ընթացքում իրավապահների կողմից բերման ենթարկվածների գրեթե 90 տոկոսը եղել են անչափահասներ։