Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»

09:10 • 08.10.26

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովում քպական 49 տոկոսանոց «մեծամասնությունը» խորհրդարանում հերթական անգամ սադրեց քաշքշուկ ու ձեռնամարտ ընդդիմադիրների հետ: Դե, Փաշինյանի ու ՔՊ-ի՝ իշխանությունը վերցնելուց ի վեր նման քաշքշուկները սովորական են դարձել Հայաստանի խորհրդարանի ու ոչ միայն խորհրդարանի համար: Այսինքն, կարելի է ասել, որ փաշինյանական իշխանության դեպքում սա համակարգային ու կոնկրետ գործելակերպ է:

Հատկանշական պահ է այն, որ ադրբեջանական իշխանությունների, հենց Ալիևի ու նրա որոշակի ներկայացուցիչների հրապարակային վիրավորանքները, ծաղրական ակնարկներն ու բնորոշումները, սպառնալիքները Փաշինյանն ու նրա քպականները լուռումունջ կուլ են տալիս, ծպտուն չեն հանում: Այսինքն, ինչպես ժողովուրդն է ասում, թշնամու առաջ «կուռկուռի ձագ» են դառնում, բայց, այ, Հայաստանի ընդդիմադիր գործիչներին տեսնելիս նույն այդ քպականները, իրենց առաջնորդի գլխավորությամբ, «առյուծ են կտրում», սկսում են «աքլորանալ», բղավում են, սպառնում, բռունցքներ թափահարում: Դա էլ միայն այն պատճառով, որ իրենց սադրած կռիվներում ապավինում են իրավապահներին, որ իրենց թիկունքը կպահեն: Հակառակ դեպքում, եթե իշխանություն չունենան, նրանցից որևէ մեկը չի համարձակվի ծպտուն անգամ հանել. քպականների «քաջության» ակունքը բացառապես իրավապահներն են:

Մեկ այլ հատկանշական պահ է նաև այն, որ իշխանությունը հանդես է գալիս որպես երկրի, հասարակության ներսում թշնամանք, ատելություն, չարություն, խմբային դիսկրիմինացիա գեներացնող ու սերմանող: Նման պայմաններում, ինչ-որ «իքս» պահի այդ չարությունն ու ատելությունը պետք է հանգեցնեին նման դրսևորումների:

Ինչ վերաբերում է կոնկրետ հոկտեմբերի 6-ին արձանագրված այլանդակությանը, ապա փորձենք հասկանալ, թե ինչ և ինչու կատարվեց իրականում: Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց ձևավորած արհեստական օրակարգն էին բերել ԱԺ՝ Հայ առաքելական եկեղեցու վրա իրենց հարձակմանն ինչ-որ օրինականության տեսք հաղորդելու նպատակով ինչ-որ «քննիչ հանձնաժողով» ձևավորելու մասին օրինագծի տեսքով: Ընդդիմությունն, ի դեպ, խելամիտ վարվեց՝ արհամարհանքի ենթարկելով այդ «հանձնաժողովը» և հրաժարվելով նշված ֆարսին մասնակցելուց: Ավելին, ԱԺ նիստի մեկնարկից ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները շատ ավելի իրական և շատերին հուզող օրակարգով էին եկել դահլիճ: Այդ օրակարգի կետերից մեկը ԱԺ պատգամավորներին հերթական անգամ պարգևավճարելու հարցն է, մյուսը, որ շատ ավելի հնչեղ է, ադրբեջանական բանակի զինված ներկայացուցչի ներթափանցումն է ՀՀ տարածք, որը, դատելով առկա տեղեկություններից, բացի կրակոցները, նաև միառժամանակ պատանդ է վերցրել երեխաներին, ապա փորձել է կրակելով սպանել հայ կնոջը: Ակնհայտ է, որ մեծ ողբերգություն կարող էր լինել, եթե Շաքիի բնակչուհին ձեռքի տակ եղած առարկաներով ու դանակով չդիմեր ինքնապաշտպանության՝ իր զավակներին փրկելու համար:

Եվ ահա, փաշինյանական իշխանությունը, որ իմացել է ադրբեջանցի սահմանահատի մասին, բայց մի քանի օր շարունակ չի կարողացել իր բոլոր ռեպրեսիվ մարմիններով գտնել ու վնասազերծել զինված ու վտանգավոր թշնամուն, ամեն գնով փորձում է լղոզել այս թեման: Պատահական չէ, որ ՔՊ-ի քարոզչական սազանդարներն արդեն քանի օր է, ինչ լծվել են «խեղճ, մոլորված ադրբեջանական զինվորին» պաշտպանելուն: Ավելին, Փաշինյանը վերջին հարցազրույցում գրեթե ուղիղ կերպով նման տպավորություն թողնող արտահայտություններ արեց:

Եվ ահա, Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն կերպ ուզում են ուշադրությունը շեղել այս թեմայից: Տեսեք, արդեն քանի օր է անցել կատարվածից, բայց ՀՀ իշխանություն համարվողներից չի լսվել որևէ խելամիտ բացատրություն, թե ինչպես ու ինչու է նման բան հնարավոր եղել: Փոխարենը՝ ամեն կերպ փորձում են մեղմել կատարվածը կամ ընդհանրապես խլացնել դրա վերաբերյալ ոչ միայն ընդդիմադիրների, այլև հանրության հնչեցրած սուր արտահայտությունները:

Ի՞նչ անել: Ապահովել «շեղող տեսարան»: Ինչպես հոլիվուդյան սցենարիստները կասեին՝ «էքշըն է պետք»: Իսկ ՔՊ-ի «ձեռքի տակ», ինչպես նկատեցինք, արդեն մշտական «էքշընի» գործիք է դարձել ԱԺ-ում սադրանք հրահրելը, ապա քաշքշուկ սարքելը:

Բայց դա էլ է բնութագրական: Այն առումով, որ թե՛ Փաշինյանը, թե՛ նրա քպականները չունեն որևէ խելամիտ փաստարկ, հակափաստարկ, չունեն ասելիք, հակառակ դեպքում բռունցքներ չէին թափահարի ու հայհոյախոսությամբ չէին փորձի գոնե ԱԺ միջանցքներում ինքնահաստատվել...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»