Այսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ

14:03 • 15.10.26

Այսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ։

Գիտե՞ք, որ ձեռքերի ճիշտ լվանալը վարակիչ հիվանդությունների կանխարգելման ամենապարզ, մատչելի և արդյունավետ միջոցներից է։

Օրվա ընթացքում մեր ձեռքերը շփվում են բազմաթիվ մակերեսների հետ, որոնց վրա կարող են լինել հիվանդածին մանրէներ։ Չլվացած ձեռքերով աչքերին, քթին կամ բերանին դիպչելը կարող է նպաստել դրանց՝ օրգանիզմ ներթափանցմանը։

Ե՞րբ է հատկապես կարևոր լվանալ ձեռքերը։

  • Սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ։
  • Սանհանգույցից օգտվելուց հետո։
  • Հազալուց, փռշտալուց կամ քիթը մաքրելուց հետո։
  • Հիվանդ մարդուն խնամելուց առաջ և հետո։
  • Դրսից տուն վերադառնալիս և տեսանելի աղտոտվածության դեպքում։

Իսկ ինչպե՞ս ճիշտ լվանալ ձեռքերը։

  1. Թրջեք ձեռքերը մաքուր, հոսող ջրով։
  2. Օճառեք և մանրակրկիտ շփեք ափերը, ձեռքերի արտաքին մակերեսները, մատների արանքները և եղունգների շրջանը։
  3. Շփեք առնվազն 20 վայրկյան։
  4. Լվացեք հոսող ջրով և չորացրեք մաքուր սրբիչով կամ մեկանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկով։

Սովորեցնենք երեխաներին ձեռքերը ճիշտ լվանալ և ինքներս դառնանք օրինակ

Վարակների կանխարգելումը սկսվում է մաքուր ձեռքերից

Այսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ