Գյումրիում կասեցվել է գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

15:23 • 16.10.26

Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Քնարիկ Հարությունյանին պատկանող, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Վ․ Չերազի 8 գ հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,

- սննդի կառույցի պատերը, առաստաղը չեն պահվել նորոգ վիճակում, եղել է կեղտի կուտակում, մասնիկների թափվելու վտանգ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: