Դոնալդ Թրամփը կասեցրել է նոր օրենքով նախատեսված հակառուսական միջոցների կիրառումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է նոր օրենքով նախատեսված հակառուսական միջոցների կիրառումը՝ մինչև իր կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետագա կարգադրությունները: Այս մասին ասվում է ամերիկյան առաջնորդի գործադիր հրամանագրում, որը հոկտեմբերի 16-ին հրապարակվել է Սպիտակ տան կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես բխում է փաստաթղթից, դրանում թվարկված բացառությունները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը կամ պետքարտուղարը՝ ֆինանսների նախարարի և առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչի հետ խորհրդակցություններ անցկացնելիս, կախված իրավիճակից, չորոշեն, որ պահանջվում են հետագա գործողություններ: Հրամանագրում այս բացառությունների գործողության որևէ ժամկետ չի նշվում:
Հիշեցնենք, որ Թրամփը սեպտեմբերի 18-ին ստորագրել էր Կոնգրեսի ընդունած օրինագիծը, որը նախատեսում է Ռուսաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության, պետական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների խստացում:
Հիշատակված օրենքը նախատեսում է մաքսատուրքերի բարձրացում 500%-ով՝ ՌԴ-ից մատակարարումների համար, ինչպես նաև 100%-ով՝ այն երկրներից, որոնք հանդիսանում են ռուսական էներգակիրների հիմնական գնորդները:
Օրենքի համաձայն՝ վաշինգտոնյան վարչակազմը կարող է չձեռնարկել այս միջոցները, եթե գտնում է, որ դա չի համապատասխանում ԱՄՆ շահերին: Թրամփը ստորագրել է հրամանագիր այն մասին, որ օրենքի առանցքային դրույթները առայժմ չեն կիրառվի:










