ԵՄ-ն ճնշում կգործադրի Կանադայի և Մեծ Բրիտանիայի վրա՝ Ուկրաինային հավելյալ ֆինանսավորում տրամադրելու համար. Politico

09:31 • 21.10.26

Եվրոպական միությունը ծրագրում է օգտագործել Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ սպասվող երկկողմ գագաթնաժողովները, ինչպես նաև Նորվեգիայի և Ճապոնիայի հետ շփումները՝ Ուկրաինայի ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ ներգրավելու նպատակով: Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա տվյալների՝ այսօր եվրոպացի դիվանագետները կքննարկեն Կանադայի (հոկտեմբերի 29-30) և Մեծ Բրիտանիայի (նոյեմբերի 20) հետ գագաթնաժողովների նախապատրաստումը: Ինչպես գրում է պարբերականը, Ուկրաինայի ֆինանսավորման աճող դեֆիցիտի և ԱՄՆ-ի կողմից աջակցության վերաբերյալ անորոշության պայմաններում Բրյուսելն ավելի ու ավելի հաճախ է դիմում ԵՄ անդամ չհանդիսացող դաշնակիցներին՝ ավելի մեծ ներդրում կատարելու խնդրանքով:

Եվրամիությունը համաձայնեցրել է Ուկրաինային 2026-2027 թվականների համար 90 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելը, սակայն օգոստոսի վերջին Կիևում արդեն հայտարարում էին, որ այդ գումարը բավարար չի լինի: