ՉԼ․ Բարսեղյանի «Սլովան»-ը պարտվեց «Ռոմա»-ին, «Լիվերպուլ»-ը քամբեք կատարեց, այլ արդյունքներ

09:38 • 21.10.26

Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրի շրջանակում կայացան մի շարք դիտարժան և գոլառատ հանդիպումներ։

«Էնֆիլդ» մարզադաշտում կայացած և լեհ մրցավար Շիմոն Մարցինյակի սպասարկած խաղում «Լիվերպուլը» ֆանտաստիկ կամային հաղթանակ տարավ։ Տանտերերի համար հանդիպումը սկսվեց սառը ցնցուղով. 4-րդ րոպեին Վիրջիլ վան Դայկի սխալից հետո հաշիվը բացեց Ժորժ Միկաուտաձեն, իսկ 29-րդ րոպեին Սերխի Կարդոնան կրկնապատկեց իսպանացիների առավելությունը։

Մինչ ընդմիջում մերսիսայդցիներին հաջողվեց վերականգնել հավասարությունը անկյունայինների խաղարկումից հետո. 36-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսիս Մակ Ալիստերը, իսկ 45+2-րդ րոպեին գլխի հարվածով գոլ խփեց Ռոնալդ Արաուխոն։ Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» շարունակեց ճնշումը. 66-րդ րոպեին Մակ Ալիստերը ձևակերպեց դուբլ, իսկ 3 րոպե անց Ֆլորիան Վիրցը խփեց տանտերերի չորրորդ գնդակը։ Հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը 87-րդ րոպեին՝ Տանի Օլուվասեյիի գոլի շնորհիվ։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 9 միավորով ընթանում է առանց կորուստների, իսկ «Վիլյառեալն» ունի 3 միավոր։ Հաջորդ տուրում անգլիացիները կմրցեն «Ֆեներբահչեի», իսկ իսպանացիները՝ ՊՍԺ-ի հետ։

Եվս մեկ 7-գոլանոց թրիլեր կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում։ Հաշիվը բացվեց արդեն 1-ին րոպեին՝ Մատեո Պոլիտանոյի հարվածից հետո։ Նորվեգական թիմը երկու անգամ կարողացավ հավասարեցնել հաշիվը. 27-րդ րոպեին աչքի ընկավ Յենս Պետեր Հեուգեն, իսկ 41-րդ րոպեին Սքոթ Մակտոմինեյի գոլին 62-րդ րոպեին պատասխանեց Անդրեաս Հելմերսենը (2:2)։

Հանդիպման վերջնամասում, սակայն, «Նապոլին» կոտրեց մրցակցի դիմադրությունը. 75-րդ րոպեին Մակտոմինեյը դուբլ ձևակերպեց, իսկ 89-րդ րոպեին հյուրերի պաշտպան Օդին Բյորտուֆտը գրավեց սեփական դարպասը։ Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Սոնդրե Բրունստադը խփեց «Բուդյո-Գլիմտի» երրորդ գնդակը։

Այս խաղից հետո երկու թիմերն էլ ունեն 3-ական միավոր․ «Նապոլին» վաստակեց առաջին միավորները մրցաշարում և 22-րդն է, իսկ նորվեգացիները՝ 26-րդը։

«Դրագաու» մարզադաշտում կայացած լարված պայքարում Էյնդհովենի ՊՍՎ-ն նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Պորտուի» նկատմամբ։ Հանդիպման միակ և հաղթական գնդակը 57-րդ րոպեին Սվեն Մեյնանսի փոխանցումից հետո խփեց հյուրերի կիսապաշտպան Գուս Թիլը։

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած «Ռոման» ջախջախիչ հաղթանակ տարավ Բրատիսլավայի «Սլովանի» նկատմամբ։ Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 55-րդ րոպեին։

Հռոմեացիների կազմում հանդիպման իսկական հերոս դարձավ նիդերլանդցի հարձակվող Դոնիել Մալենը, ով դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Խաղի հաշիվը 21-րդ րոպեին Դանիելե Գիլարդիի փոխանցումից հետո բացեց Մարիո Էրմոսոն։ Այնուհետև Մալենի փոխանցումներով աչքի ընկան Նաուել Մոլինան (39′) և Նիկոլո Պիզիլին (53′), իսկ 58-րդ րոպեին հենց ինքը՝ Մալենը, անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։

Գերմանիայում կայացած մարտական խաղում Մադրիդի «Ատլետիկոն» կարողացավ ոչ-ոքի պահպանել՝ խաղավերջն անցկացնելով թվային պակասությամբ։ 36-րդ րոպեին Ջեյմի Լևելինգը առաջ մղեց «Շտուտգարտին», սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Խուլիան Ալվարեսը Ադեմոլա Լուկմանի փոխանցումից հետո վերականգնեց հավասարությունը։ 64-րդ րոպեին կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտ ստացավ մադրիդցիների կիսապաշտպան Մորտեն Յուլմանը, սակայն «ներքնակագործներին» հաջողվեց պահպանել ոչ-ոքի հաշիվը։

Աղբյուրը`ArmSport.am