Հրկիզnւմներ և անկարգnւթյուններ՝ Բարսելոնայում. բերմшն է ենթարկվել շուրջ 100 մարդ

13:45 • 25.10.26

Կատալոնիայի ներքին գործերի դեպարտամենտում հնարավոր են համարում կատարվածի կապը եվրոպական մի շարք քաղաքներում, մասնավորապես Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ:

Բարսելոնայի կենտրոնում նախօրեին երեկոյան անկարգություններ են բռնկվել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերի միջոցով «Instituts Indignats» (ֆրանսիական «Lycées Indignés» շարժման նմանությամբ) կարգախոսով հրավիրված երիտասարդական բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախումների։ Բերման է ենթարկվել շուրջ 100 մարդ:

Ինչպես հայտնում է EFE գործակալությունը, հարյուրավոր երիտասարդներ, որոնցից շատերը եղել են սև հագուստով և փակ դեմքերով, այրել են աղբամաններ, շրջել մոտոցիկլետներ, վառվող բարիկադներ են կառուցել և քարեր են նետել կատալոնական ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Վերջիններս ուժ են կիրառել ամբոխին ցրելու համար, փակել են մուտքը դեպի Կատալոնիայի հրապարակ, իսկ խանութները շտապ փակվել են:

Կատալոնիայի ներքին գործերի դեպարտամենտի ղեկավար Նուրիա Պարլոնը դատապարտել է տեղի ունեցածը: Նրա խոսքով՝ անկարգություններին մասնակցել է մոտ 500 մարդ, վնասվել է 14 հաստատություն: Նախնական տվյալներով՝ բերման ենթարկվածների 25%-ը կարող են լինել անչափահասներ, ասվում է տարածաշրջանային գերատեսչության X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:

Բարսելոնայի քաղաքապետարանը մտադիր է մասնակցել դատական գործընթացներին՝ վնասի փոխհատուցում պահանջելու համար: «Սա այսպես չի մնա: Մենք գործը մինչև վերջ կտանենք»,- նախազգուշացրել է քաղաքապետ Ժաումե Կոլբոնին՝ հավելելով, որ տեղի ունեցածը կարող է հետևանքներ ունենալ անկարգություններին մասնակցած անչափահասների ծնողների կամ օրինական խնամակալների համար:

El Mundo պարբերականի տեղեկություններով՝ բախումների հետևանքով տուժել է ոստիկանության շուրջ 10 աշխատակից: