Ոչ ոքի թույլատրված չէ միջամտել երկրի ներքին գործերին, այդ թվում՝ նրա կրթական քաղաքականությանը. Ադրբեջանը մեղադրել է Իրանի կրթության նախարարին ներքին գործերին միջամտելու մեջ

13:21 • 26.10.26

Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը երկրի ներքին գործերին միջամտելու փորձ է անվանել Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆի հայտարարությունը, որը վերաբերում է հանրապետությունում կրթության հարցերին և ադրբեջանական դպրոցներում միասնական դպրոցական համազգեստի ներդրմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆի հայտարարությունը Ադրբեջանում կրթության հարցերի վերաբերյալ զարմանք և ափսոսանք է առաջացնում: Նման արտահայտություններն այլ բան չեն, քան Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ: Ոչ ոքի թույլատրված չէ միջամտել երկրի ներքին գործերին, այդ թվում՝ նրա կրթական քաղաքականությանը, և նման փորձերը վճռականորեն կանխվում են»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Նախարարությունը խորհուրդ է տվել Իրանի պաշտոնատար անձանց զբաղվել սեփական երկրի խնդիրներով: Մասնավորապես, գերատեսչությունում նշել են, որ Իրանի կողմից վարվող քաղաքականության հետևանքով երկրում չկա ոչ մի դպրոց, որտեղ ուսուցումն իրականացվի ադրբեջաներենով: Այդ լեզվով ուսուցում չի իրականացվում նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:

«Մինչդեռ Իրանի շուրջ 40 միլիոն բնակիչներին կազմում են բնիկ էթնիկ ադրբեջանցիները, որոնք տասնամյակներ ի վեր զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից», - նշվում է հայտարարության մեջ:

Նախարարությունում ընդգծել են, որ իրանական գերատեսչության ղեկավարը, ինչպես նաև Իրանում այս թեմայով հանդես եկող այլ անձինք պետք է զբաղվեն նշված խնդիրների լուծմամբ և միջոցներ ձեռնարկեն տասնամյակներ ի վեր պահպանվող անարդարությունը վերացնելու համար:

Նշենք, որ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆը հանդես է եկել Ադրբեջանում միասնական դպրոցական համազգեստի ներդրման դեմ և հայտարարել այն աղջիկների համար ազատ կրթական միջավայր ստեղծելու հնարավորության մասին, որոնք պնդում են, որ զրկված են կրթության իրավունքից: Իրանցի նախարարը հայտարարել է, որ իր երկրի համալսարանները պատրաստ են ընդունել ադրբեջանցի աղջիկներին՝ ընդգծելով, որ հագուստի ձևը չպետք է խոչընդոտի կրթություն ստանալուն:

Սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը հստակեցրել է դպրոցական համազգեստին ներկայացվող պահանջները, իսկ հոկտեմբերին՝ մանկավարժների հագուստին ներկայացվող պահանջները: Կանոնները նախատեսում են գործնական ոճ և բացառում են հագուստի տարրերը, որոնք հակասում են երկրում կրթության աշխարհիկ բնույթին: