Կամք չկա, կա միայն Ֆեյսբուքում գրառումներ անելու ցանկություն․ մեկը խաբում է քաղաքապետին, քաղաքապետը՝ վարչապետին, վարչապետն էլ՝ ժողովրդին․ մասնագետները՝ Երևանի կառավարման ճգնաժամի մասին

14:52 • 16.11.26

Երևանում ամեն տարի պետք է իրականացվեն ուսումնասիրություններ, բայց չկա ո՛չ մասնագիտական մոտեցում, ո՛չ էլ կամք։ Կա ընդամենը ցանկություն՝ ֆեյսբուքում գրառումներ անելու, նիստերին մեկը խաբում է քաղաքապետին, քաղաքապետը՝ վարչապետին, վարչապետն էլ՝ ժողովրդին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ընդգծում է քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանը:

Մասնագետի գնահատմամբ՝ Երևանի տրանսպորտային քաղաքականության ձախողման հիմնական խնդիրն այն է, որ ոլորտում որոշումներ են կայացվում առանց բավարար մասնագիտական վերլուծության, իսկ դրանց հետևանքները շարունակում են ծանրանալ քաղաքի և բնակիչների վրա։

Մայրաքաղաքում խցանումների դեմ պայքարը վերջին շրջանում ուղեկցվում է կայանատեղիների վճարների բարձրացմամբ, մարզային տրանսպորտի սահմանափակումներով և երթևեկության կազմակերպման տարբեր փոփոխություններով։ Երևանի ավագանու նախկին անդամ, քաղաքական գործիչ Դավիթ Խաժակյանի գնահատմամբ՝ այս քայլերը չեն անդրադառնում խնդրի խորքային պատճառներին։

 «Մինչ մարզային տրանսպորտի սահմանափակումները, նախ անհրաժեշտ էր ձևավորել միասնական և ինտեգրված միջքաղաքային տրանսպորտային ցանց, ինչպես նաև լուծել Երևանի ներքաղաքային տրանսպորտի համակարգային խնդիրները։ Այսօր երկու ուղղություններում էլ առկա են լուրջ բացեր։ Դա նույնն է, ինչ ժամկետանց տորթի վրայից մի ելակ վերցնես ու ասես՝ այս ելակն է փչացած, դրա համար ամբողջ տորթը փչացած է»:

Խաժակյանը հիշեցրեց, որ Երևանի հանրային տրանսպորտի ցանցը պետք է ունենար ավելի քան 850 ավտոբուս, որոնց մի մասը՝ 18 մետրանոց՝ հիմնական երթուղիների համար նախատեսված, սակայն այդ համակարգն ամբողջությամբ չի ձևավորվել։

Վիկտոր Մնացականյանի համոզմամբ՝ քաղաքային իշխանությունը պետք է հաշվետու լինի կատարված աշխատանքերի հետ կապված.

«Քաղաքային իշխանությունը պետք է հաշվետու լինի ամեն ծախսած 1000 դրամի համար, որովետև իրենց արածն իրականում փսևդոռեֆորմներ են, որոնք, հակառակը, էլ ավելի են վատթարացրել իրավիճակը»:

Նույն խնդրի մեկ այլ՝ քաղաքաշինական և ենթակառուցվածքային կողմն է ընդգծում Դավիթ Խաժակյանը։ Նրա գնահատմամբ՝ Երևանի քաղաքային իշխանությունները փորձում են ընդօրինակել Թբիլիսիի տրանսպորտային քաղաքականությունը, սակայն ուշադրություն են դարձնում հիմնականում սահմանափակումներին՝ անտեսելով դրանց արդյունավետության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։

«Ես խնդիր չեմ տեսնում, որ Տիգրան Ավինյանը փորձում է ընդօրինակել Կալաձեին, բայց խնդիր եմ տեսնում, որ աշխատանքի արդյունքի իմաստով նույնը չի փորձում անել։ Ձևական իմաստով նմանակում են, բայց բովանդակությունը տարբեր է: Թբիլիսիի փորձը միայն փողոցներում կայանումն արգելելը չէ․ այն ներառում է բազմահարկ ավտոկայանատեղիների կառուցում, մետրոյի զարգացում և հանրային տրանսպորտի արդիականացում»,– ասում է Խաժակյանը։

Այս մոտեցման խնդրահարույց լինելը Մնացականյանը դիտարկում է նաև մարզային ուղևորների տեսանկյունից։ Մնացականյանը որպես անգործության օրինակ առանձնացնում է նաև Կիլիկիայի ավտոկայանը՝ նշելով, որ քաղաքային իշխանությունն ութ տարվա ընթացքում չի իրականացրել դրա անհրաժեշտ վերանորոգումն ու կառավարման բարելավումը.

«Դու ութ տարի ժամանակ ես ունեցել՝ Կիլիկիայի ավտոկայանը կարգավորելու,  վերանորոգելու, բայց ոչ մի բան չես արել։ Ո՛չ գումար ես ծախսել, ո՛չ մենեջմենթ ես փոխել, ո՛չ վերանորոգել։ Իսկ ավտոկայանը տրանսպորտային խցանումների լուծման կարևորագույն կետերից է: Յուրաքանչյուր ռեֆորմի համար չորս բան է անհրաժեշտ՝ նոր գաղափար, կոմպետենցիա, ցանկություն և մարդկային ռեսուրս։ Այս մարդիկ այդ ամենից ոչինչ չունեն»,– ընդգծում է նա։

Տրանսպորտային ճգնաժամի մեկ այլ կարևոր պատճառ Խաժակյանը համարում է քաղաքաշինական քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ շինթույլտվություններ են տրամադրվել՝ առանց կառուցապատման հետևանքով առաջացող երթևեկության և ենթակառուցվածքային ծանրաբեռնվածության պատշաճ գնահատման: Որպես օրինակ՝ Խաժակյանը հարցադրում արեց՝ վերջին ութ տարիներին քանի՞ նոր քաղաքային նշանակության ճանապարհ և համայնքապատկան ստորգետնյա ավտոկայանատեղի է կառուցվել Երևանում՝ պատասխանելով, որ երկու դեպքում էլ թիվը զրո է։

Խաժակյանը հիշեցնում է նաև չիրականացված մի շարք նախագծեր՝ Կրկեսի շենքի հարակից հատվածում նախատեսված էստակադային հանգույցը, «Հայրենիք» կինոթատրոնի տարածքի ճանապարհային լուծումները և Մոնթե Մելքոնյան պողոտայի շարունակությունը դեպի Արշակունյաց պողոտա։ Այս ծրագրերի բացակայության պայմաններում, նրա խոսքով, շարունակվել է նոր կառուցապատումը՝ առանց դրա ազդեցությունը երթևեկության վրա պատշաճ հաշվարկելու։

Նրա կանխատեսմամբ՝ եթե քաղաքային իշխանությունները շարունակեն նույն մոտեցումը, մայրաքաղաքը կարող է հայտնվել Թեհրանի նման իրավիճակում, որտեղ երթևեկությունը հաճախ ժամերով կանգնած է։