Հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»

09:06 • 28.11.26

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը։ Դրանով սահմանվում է պետության կողմից հանրային բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների տրամադրման միասնական, հասցեական և թվայնացված կարգ։ Այսպես՝ կներդրվի բազային կրթաթոշակային միավոր (այսուհետ B), այն է՝ կրթաթոշակների չափերը հաշվարկելու համար կիրառվող միավոր, որը հավասար է 50000 դրամի։ Նախատեսվում է մի քանի համակարգերի ներդրում:

Մեկնարկի կրթաթոշակ. հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունված Հայաստանի քաղաքացիներին (ինչպես նաև փախստականներին և արտակարգ իրավիճակում հայտնված երկրներից տեղափոխված օտարերկրացիներին) տրամադրվում է ուսման առաջին տարվա վարձի լրիվ (100 տոկոս) փոխհատուցում։

Հասցեական սոցիալական աջակցության բազմաշերտ համակարգ. երկրորդ և հաջորդ ուսումնական տարիներին ուսման վարձի փոխհատուցումը (25 տոկոսից մինչև 100 տոկոս) կապվում է բավարար առաջադիմության և սոցիալական կարգավիճակի կամ ընտանիքի եկամտային երեք մակարդակների հետ՝ միաժամանակ տրամադրելով ամսական սոցիալական ակադեմիական կրթաթոշակ (բազային միավորի՝ 50000 դրամի 0,6-ից մինչև 1,0 գործակցի չափով)։

Կեցության և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում. սոցիալական աջակցության I–III մակարդակներին համապատասխանող ուսանողներին տրամադրվում է կեցության աջակցություն (ամսական մինչև 70000 դրամ՝ կացարանի կամ մասնավոր բնակարանի վարձակալության համար, եթե բնակավայրը հեռու է առնվազն 20 կմ) և տրանսպորտային աջակցություն (Երևան քաղաքի հանրային տրանսպորտի տարեկան աբոնեմենտ)։

Թվայնացում և հստակ ֆինանսական վարչարարություն. կրթաթոշակների կառավարումն իրականացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թվային համակարգի միջոցով՝ տվյալների ինքնաշխատ նույնականացմամբ և բուհերի հետ կնքվող տարեկան ֆինանսավորման պայմանագրերի ճշգրտման մեխանիզմով։

Առաջադիմության և առաջնահերթ ծրագրերի խրախուսում. ներդրվում է ՄՈԳ-ի նորմավորված վարկանիշային սանդղակ՝ ուսման վարձի 25 տոկոսից 100 տոկոս փոխհատուցմամբ: Պետության համար առաջնահերթ մասնագիտությունների գծով կիրառվում է փոխհատուցման ավելի լայն ծածկույթ (բավարար առաջադիմությամբ բոլոր ուսանողների համար)։

Դոկտորական (երրորդ մակարդակի) և ձեռքբերումների կրթաթոշակներ. Դոկտորանտների համար սահմանվում է ամսական կրթաթոշակ, որի հիմնական չափը ամսական 150 000 դրամ (3 × B) է, իսկ կառավարության հաստատած գիտատեխնոլոգիական կամ հայագիտական առաջնահերթ ուղղությամբ՝ ամսական 200 000 դրամ (4 × B)։ Ուսման վարձի կրթաթոշակային տեղը կարող է տրամադրվել առանձին։ Նպատակային և միջազգային կրթաթոշակներ. Միջազգային կրթաթոշակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ մասնագիտություններով օտարերկրյա բուհերում բարձրագույն կրթություն ստանալու և ձեռք բերված որակավորումը Հայաստանի Հանրապետությունում կիրառելու նպատակով (Հայաստանում աշխատելու պարտավորություն և չկատարված պարտավորությանը համամասնական վերադարձի մեխանիզմ)։

Նպատակային կրթաթոշակի տրամադրման համատեքստում կանոնակարգվում է գործատուների հետ համաֆինանսավորմամբ (պետական մասնակցությունը՝ մինչև 50 տոկոս, առաջնահերթ ուղղություններով՝ մինչև 70 տոկոս): Սահմանվում է նաև ընդհանուր հիմունքներով բուհ ընդունված (հայերենին տիրապետող) օտարերկրյա ուսանողների խրախուսական կրթաթոշակ»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: