Հայաստանում սկսվել են շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնի ստեղծման աշխատանքները

10:44 • 03.07.08

Հայաստանում սկսվել են շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնի ստեղծման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը, այդ նպատակով նախապես հայտարարված մրցույթում հաղթել է «Մեդիտեք» ընկերությունը։

Կենտրոնն իրենից ներկայացնելու է ավտոմեքենա` համապատասխան սրահով` նախատեսված 6 աշակերտի և 1 ուսուցչի համար։ Այն հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկայով և ապահովված ինտերնետ կապով։ Ավտոմեքենաները կայցելեն հանրապետության հեռավոր շրջանների դպրոցներ, որտեղ ուսուցիչները կանցնեն վերապատրաստման դասընթացներ, իսկ աշակերտները` պարապմունքներ։ Դասավանդման կրթական ծրագիրը նախապես կհաստատվի ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից։ Շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնի ստեղծման ուղղությամբ ԿՏԱԿ-ը կազմակերպել է խորհրդակցություններ և քննարկումներ նման աշխատանքների փորձ ունեցող կազմակերպությունների եւ մասնագետների հետ, կազմվել է կենտրոնի տեխնիկական բնութագիրը։

Ա. Գրիգորյանը հույս հայտնեց, որ շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնը հնարավոր կլինի շահագործել այս տարվա նոյեմբերից։