Անցկացվեց «Հայոց լեզու, գրականություն» առարկայի լրացուցիչ քննությունը
Երևանի Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում այսօր անցկացվեց «Հայոց լեզու, գրականություն» առարկայի լրացուցիչ քննությունը, որի համար ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնում հայտագրվել էին 350 հոգի։ Հայտագրվածներից 76-ը Ջավախքից են, 31-ը` բանակից զորացրված, իսկ մնացածը` նախորդ քննություններից հարգելի պատճառով բացակայած երեխաներ։ 6 հոգի քննություն է հանձնել Արցախում։
ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանի խոսքով՝ այսօր լրացուցիչ քննություն են հանձնել նաև Երևանի թիվ 160 դպրոցում միասնական քննություն հանձնած երեխաները, ովքեր վերահանձնելու ցանկություն էին հայտնել։ «Թիվ 160 դպրոցից այսօր քննություն են հանձնում հիմնականում նրանք, ովքեր շատ ցածր գնահատականներ էին ստացել նախորդից»,- նշեց նա։ Մ.Մկրտչյանը նկատեց, որ այսօրվա քննությանը եւս բացականեր են արձանագրվել, մոտ 15 հոգի։
ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի դիտարկմամբ՝ այս անգամ բացակայողները, հավանաբար, իրենց ուժերի վրա վստահ չեղած դիմորդներն են, ովքեր հաշվել են իրենց հնարավորություններն ընտրած մասնագիտությունների մասով և նախընտրել չմասնակցել քննությանը։ ԿԳ նախարարը անհիմն համարեց նաև մարզերից տրանսպորտային երթևեկության պատճառով քննություններին չմասնակցելու վարկածը` ավելացնելով, որ ինքը ճանապարհների փակ լինելու մասին տեղեկություններ չունի։
ԳԹԿ տնօրենը, գնահատելով քննությունների ընթացքն ու արդյունքները, ասաց, որ անիմաստ է նախորդ եւ այս տարվա քննությունները համեմատելը, քանի որ յուրաքանչյուր տարի ունենում է իր առանձնահատկություններն ու դժվարությունները։ «Ընդհանուր առմամբ, այս տարվա քննությունները, ըստ արդյունքների, կարելի է հաջողված համարել»,- ասաց նա։
Նշենք, որ ռուսերենի լրացուցիչ քննությունը կանցկացվի հուլիսի 6-ին, մաթեմատիկան` 8-ին, իսկ օտար լեզուները` 10-ին։










