Հանրապետության ՏՏ ոլորտում առաջիկա տարիներին շրջանառությունը նախատեսվում է հասցնել մինչեւ 1 մլրդ դոլարի
Հանրապետության ՏՏ ոլորտում առաջիկա տարիներին նախատեսվում է շրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի։ Ինչպես այսօր կայացած ասուլիսում ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ոլորտում վերջին վերլուծությունները ցույց են տվել, որ 5 տարիների ընթացքում որոշակի միջամտությամբ գրանցվել է 30 տոկոսի աճ։
Նա բացառեց ոլորտւմ հետընթացը` նշելով, որ ՀՀ կառավարություն է ներկայացվել Հայաստանի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը, որը ներառում է ոլորտը կարգավորող մի շարք դրույթներ։ Փաստաթղթում արտացոլված են այն մարտահրավերները, որոնց դեպքում շրջանառաությունը չի սահմանափակվելու այսօր առկա 85 մլն դոլարի շրջանակներում, այլ կհասնի մինչև 1 միլիարդի։ Բացի դրանից, հայցեկարգում առաջնային խնդիրներից է աշխատուժի մեծացումը` 5 հազարից հասցնելով 20 հազարի։ Գերակայություն է նաև ոլորտի արդյունավետության բարձրացումը։
«Ոլորտը չի կարող հետադարձ աճ ունենալ, մեր խնդիրն է զարգացնել այն, որի համար էլ նախատեսված է հայեցակարգը։ Հույս ունենք, որ առաջիկա ամսում կառավարությունը կընդունի այն»,- ասաց նա։
Որպես լրացուցիչ խնդիր ՁԻՀ տնօրենը նշեց նաև Հայաստանում տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը, իսկ ոլորտում եղած ռեսուրսն ի շահ երկրի առավելագույնս օգտագործելը։
«Այս մասով մենք խնդիրներ ունենք, քանի որ մեզանում թույլ է զարգացած տեղեկատվական հասարակությունը, իսկ այն ձևավորել, նշանակում է` հնարավորինս շատ օգտագործել համակարգիչ և ինտերնետ։ Հետընթաց կլինի, եթե ահա նման հասարակություն չկարողանանք ապահովել»,- ասաց նա։
Միջազգային հետազոտությունների արդյունքներով, Հայաստանը 106-րդ տեղում է ՏՏ ոլորտի ստեղծած արդյունքների օգտագործման մակարդակով։










