Միասնական կարգով անցկացվեց վերջին լրացուցիչ քննությունը
Երևանի Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում այսօր անցկացվեց միասնական կարգով վերջին` օտար լեզուների լրացուցիչ քննությունը։ Գնահատման և թեստավորման կենտրոնում այսօրվա քննության համար հայտագրվել էր 246 դիմորդ, որոնցից 209-ը քննություն հանձնեց անգլերենից, 30-ը` գերմաներենից, 6-ը` ֆրանսերենից, 1-ը` իսպաներենից։ Նշենք, որ լրացուցիչ քննություններին մասնակցում են միասնական և ավարտական քննություններից անբավարար ստացած, բացակայած, բանակից զորացրված դիմորդները, նաև ԱՊՀ երկրներից ՀՀ բուհերում սովորել ցանկացողները։
ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը, գնահատելով կազմակերպված քննությունների ընթացքն ու արդյունքները, նշեց, որ քննական այս նոր համակարգն իրեն արդարացնում է, և հաջորդ տարի նման կարգով բոլոր քննությունները կանցկացվեն առանց տեխնիկական բարդությունների։
Անդրադառնալով լրացուցիչ քննությունների վերաբերյալ տարաբնույթ խոսակցություններին` նախարարը նշեց, որ ոմանց կանախատեսումները` լրացուցիչ քննություններից բարձր միավորներ լինելու մասին, իրականություն չդարձան, ավելին` նկատվել է միջին միավորների նվազում։ Մինչև այսօր անցկացրած 3 լրացուցիչ քննությունների արդյունքում 20 միավոր ստացել է դիմորդների ընդամենը 1,2 տոկոսը։ «Հայոց լեզու, գրականություն» առարկայից մոտավորապես 15 տոկոսն անբավարար է ստացել, իսկ մաթեմաիկայից` մոտ 24 տոկոսը։
ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը լեգենդ անվանեց հիմնական քննություններից բացակայողների լրացուցիչ քննություններից բարձր միավորներ ստանալու վարկածը` նշելով, որ լրացուցիչ քննությունների արդյունքները փաստում են համակարգի թափանցիկությունը։
«Թվերը խոսուն են, իսկ դրանք առիթ են` վստահություն ներշնչելու հասարակությանը քննությունների նկատմամբ»,- ասաց նա։










