Բագրատ Եսայան. «Միասնական քննություններն անցել են հանգիստ, հավասարակշռված մթնոլորտում»

14:57 • 11.07.08

«Այս տարվա քննություններն անցել են հավասարակշռված, հանգիստ մթնոլորտում: Այսպիսով, լավատեսական հիմք է ստեղծվել գնահատման նոր համակարգի ներդրման սահմաններն ընդլայնելու և հաջորդ տարիներին առավել հանդարտ ու սահուն գործընթաց կազմակերպելու համար», այսօր միասնական քննություններն ամփոփելիս ասուլիսում հայտարարել է կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ պաշտոնական կայքը։

Փոխնախարարը ներկայացրել է քննությունների արդյունքները՝ ըստ մասնակիցների, բացակաների թվի, առավելագույն և միջին միավորի, ինչպես նաև դրական միավորների շեմը չհաղթահարած մասնակիցների թվի: Նրա խոսքով՝ պատկերը գոհացուցիչ է այնքան, որ նախորդ տարիների հետ համեմատությունն անգամ ավելորդ է։

Փոխնախարարը նշել է, որ ըստ նախնական վերլուծությունների՝ թեստային առաջադրանքները հիմնականում բավականին հաջողված են եղել։ Այս տարի վիճահարույց հարցեր և դրանց շուրջ քննարկումներ չեն եղել՝ բացառությամբ «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Ռուսաց լեզու» առարկաների թեստերում տեղ գտած տեխնիկական երկու վրիպակի, որոնք գնահատվել են հօգուտ դիմորդի։ Թեստերի հաջողված լինելու մասին է վկայում նաև թեստաբանական առումով դրանց վերլուծությունը, որի համաձայն ստացված պատկերն առաջադրանքների հաղթահարելիության գրաֆիկական դասական կորից քիչ է տարբերվում։

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի թեստի դեպքում ցածր, միջին և բարձր միավորների բաշխվածությամբ այն լիովին համընկնում է դասական կորի հետ։ Իսկ մյուս առարկաների դեպքում, որոնց թեստերն այս տարի առաջին անգամ էին կազմվել նոր սկզբունքով, փոքր-ինչ գերազանցում են միջին և բարձր միավորները։ Սակայն սա հեշտ շտկվող խնդիր է, և հաջորդ տարի առաջադրանքների բարդության աստիճանին հետևելով՝ այն կհարթվի։

Բովանդակային և կառուցվածքային առումով վերանայվելու է հատկապես «Մաթեմատիկայի» թեստը, ու հաշվի է առնվելու այն իրողությունը, որ թեստի կառուցվածքով պայմանավորված՝ հնարավորություն է եղել, և արձանագրվել են դիմորդների՝ միմյանց հուշելու դեպքեր։

Ասուլիսին ներկա ԳԹԿ ղեկավար Մանուկ Մկրտչյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ այս տարվա միասնական քննության արդյունքներն ուժի մեջ են լինելու նաև հաջորդ տարի, և այս տարի քննություն հանձնած դիմորդները դրանք կարող են, անհրաժեշտության դեպքում, եկող տարի նույնպես օգտագործել բուհ ընդունվելու համար։