Երեկվա դրությամբ բուհեր է դիմել 3700 դիմորդ
Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքի տրամադրած տեղեկության համաձայն՝ հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ, հուլիսի 10-ի տվյալներով, դիմում-հայտ է ներկայացրել շուրջ 3700 դիմորդ։
Ինչպես միշտ, այս տարի ևս շրջանավարտների մեծ մասն իրենց ուժերը փորձում են պետհամալսարանում: Այստեղ դիմորդների թիվը 1290 է: Երկրորդ տեղում է մանկավարժական համալսարանը` 564, երրորդում՝ բժշկականը՝ 507 դիմորդով: Ապա հաջորդում են լեզվաբանական համալսարանը՝ 383, ճարտարագիտականը՝ 315, տնտեսագիտականը՝ 272, ագրարայինը՝ 173 և ճարտարապետաշինարարականը՝ 122 դիմում։
Ըստ մասնագիտությունների՝ ուշագրավ է, որ առաջին տեղում է ԵՊԲՀ-ի «Բուժական գործը»՝ 389 դիմորդ, ապա 100 և ավելի ցուցանիշ ունեն հետևյալ մասնագիտությունները` ԵՊԼՀ «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն՝ անգլերեն լեզու»՝ 154, ԵՊՀ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան»՝ 142, «Իրավագիտություն»՝ 102, ՀՊՃՀ «Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի դեպարտամենտ»` 116 դիմորդ:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի ՀՀ բուհերն ունենում են շուրջ 13 հազար դիմորդ։










