Սերժ Սարգսյանը հանդիպել է քննական հանձնաժողովների ղեկավարներին
Սերժ Սարգսյանն այսօր հանդիպման է հրավիրել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների նախագահներին։ Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։
Երկրի ղեկավարը նախ հետաքրքրվել է, թե քննական գործընթացն անխոչընդոտ, արդար և բարձր մակարդակով ու կազմակերպված անցկացնելու համար հանձնաժողովների ղեկավարներն ի՞նչ խնդիրներ ունեն և ինչպիսի՞ օժանդակություն են ակնկալում։
Սերժ Սարգսյանն առաջնային է համարել քննությունների ողջ ընթացքի հրապարակայնության ու թափանցիկության ապահովումը։ «Քննական ողջ գործընթացը պետք է համահունչ լինի մեր որդեգրված քաղաքականությանը»,-ընդգծել է նախագահը և զգուշացրել, որ ցանկացած այլ դրսևորում կպատժվի ամենախիստ ձեւով։
Հանրապետության ղեկավարը խոսել է նաև կրթության ոլորտում առաջիկայում նախատեսվող լուրջ բարեփոխումների մասին` նշելով, որ տարեցտարի ավելանալու են հատկացվող միջոցները և մեծանալու է ուշադրությունը համակարգի նկատմամբ։
Հանձնաժողովների նախագահներն ասել են, որ քաջ գիտակցում են ստանձնած պատասխանատվությունը և հավաստացրել են, որ ամեն ինչ կանեն քննական գործընթացը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։
Հանրապետության նախագահը նրանց հաջողություններ է մաղթել իրենց պատասխանատու աշխատանքում։










