Գյումրիում մեկնարկեցին բուհական կենտրոնացված քննությունները

12:29 • 23.07.08

Գյումրիում այսօր մեկնարկեցին բուհական կենտրոնացված քննությունները։ Քննական առաջին օրը դիմորդները քննություններ են հանձնում «Ֆիզիկա»` գրավոր, «Հայ ժողովրդի պատմություն»` գրավոր, և «Գերմաներեն»` բանավոր, առարկաներից։ Ինչպես տեղեկացրեց քննական հանձնաժողովի նախագահ Մարատ Գրիգորյանը, մինչ քննությունների մեկնարկն ամեն ինչ պատրաստ էր քննական գործընթացը պատշաճ անցկացնելու համար՝ տեղադրված էին տեսախցիկներ, խլացուցիչներ, տեսագրող սարքավորումներ և հեռուստացույցներ՝ քննություններին հետևելու համար։

Ի դեպ, այս տարի, հաշվի առնելով դիմորդների թիվը, քննություններն անցկացվում են թիվ 21 դպրոցում, որը, ըստ ընդունող հանձնաժողովի նախագահի, ավելի հարմարավետ է։ Այս տարի փոխված են նաեւ բոլոր քննական հանձնաժողովների նախագահները եւ կազմը. նրանք այս տարի առաջին անգամ են մասնակցում քննությունների։ «Այս տարի կանենք ամեն ինչ, որպեսզի ոչ մի արժանի դիմորդ դուրս չմնա քննություններից, պետք է հնարավորություն տանք բոլորին եւ գործենք ի շահ դիմորդի»,-ասաց Մ. Գրիգորյանը։

Նշենք, որ այս տարի Գյումրիում նվազել է դիմորդների թիվը՝ նախորդ տարվա 1166-ի փոխարեն դիմել է 1006-ը։ Անփոփոխ է Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի դիմորդների թիվը՝ 131, իսկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի որոշ բաժիններում, ընդհանուր առմամբ, նախորդ տարվա 236-ի փոխարեն դիմել է 181 դիմորդ, Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում 2007 թվականի 798 դիմորդի փոխարեն` 692։

Գյումրիում քննությունները կավարտվեն օգոստոսի 1-ին։