Հայաստանում հիմնվել է «Բիլայն» համալսարան

17:44 • 24.07.08

Հայաստանում գործող «ԱրմենՏել» ընկերության անձնակազմի ուսուցման բաժնին տրվել է «Բիլայն» համալսարանի կարգավիճակ։ Ինչպես այսօր կայացած ասուլիսում ասաց «Վիմպելկոմ» ընկերության անձնակազմի հետ աշխատանքի և ԱՊՀ երկրներում կազմակերպչական զարգացման ծառայության ղեկավար Գալինա Վորոնեցկայան, Հայաստանում այն առաջին կորպորատիվ համալսարանն է, որը նաև առաջինն է «Վիմպելկոմ» ընկերության կողմից Ռուսաստանից դուրս հիմնված։ «Այս համալսարանի ուսուցման համակարգը լիովին համապատասխանում է կորպորատիվ կրթության համաշխարհային չափանիշներին»,- ասաց Գ.Վորոնեցկայան` ավելացնելով, որ շուկայում պայքարն ընթանում է երկու ուղղությամբ` հանուն հաճախորդի ու հանուն բարձր որակավորում ունեցող մասնագետների։ Նրա խոսքով, այդ առումով աշխատակիցների ուսուցման հարցն ընկերության համար ռազմավարական նշանակություն ունի։

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը նշեց, որ ընկերությունը մեծ ծավալով բարեփոխումներ է իրականացնում. այն մի շարք ներդրումային նախագծեր, ապագայի հանդեպ հավակնոտ ծրագրեր ունի։ Քանի որ հաճախորդը շատ պահանջկոտ է, ուստի այս հանգամանքը մշտապես զարգանալու հնարավորություններ ու ծրագրերի մշակումների խնդիր է առաջ բերում ընկերության համար։

Համալսարանը բացվել է շուրջ 1,5 տարվա աշխատանքի արդյունքում, որն աջակցելու է ընկերության ռազմավարական զարգացմանը։ Դասավանդող մասնագետներն ընտրվել են ընկերության կողմից։ Համալսարանում այժմ գործում են 17 դասավանդողներ, ովքեր ուսուցանում են թոփ-մենեջերների, մենեջերների, ընկերության տեխնիկական անձնակազմին։ Համալսարանում դասավանդողներն առաջիկայում կուսուցանեն «ԱրմենՏել» ընկերության շուրջ 4 հազար աշխատակիցների։