Հայացք «Սարգիս Տխրունուց»՝ քննական գործընթացին

18:00 • 24.07.08

«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության կողմից նախաձեռնվել է ընդունելության քննություններին վերաբերող մոնիթորինգ` անկետավորված հարցազրույցների միջոցով: Իրականացվել է պատահական ընտրանք, որում ընգրկվել են 95 հոգի: Մոնիթորինգի առաջին փուլն իրականացվել է հուլիսի 20-23 ընկած ժամանակահատվածում:

Ստացված արդյունքները փաստում են , որ թե ծնողները, և թե դիմորդները համարում են քննությունների ընթացքը գոհացուցիչ, և 1-5 բալանոց համակարգում մեծամասնությունն (53,7%) այն գնահատվում է 4 բալ: Ընդ որում, քննությունների ընթացքը առավել բարձր են գնահատել նրանք, ովքեր մինչ այս քննաշրջանը չէին առնչվել բուհական ընդունելության քննությունների հետ: Գործեր ընդունող հանձնաժողովների աշխատանքը ևս բարձր է գնահատվել. 1-5 բալանոց սանդղակում 49,5%-ը գնահատել են 5, բարձր է գնահատվել նաև քննական հանձնաժողովների աշխատանքը. 1-5 բալանոց սանդղակում հարցվողների 47%-ը գնահատել են 4։ Ինչ վերաբերում է կրթության-գիտության նախարարությանը, ապա հարցվողների 40,2%-ը նրանց աշխատանքը գնահատել է 4, 33,3%-ը `5:

Չնայած հանձնաժողովների աշխատանքի բարձր գնահատականներին, հարցվողների մեծամասնությունը պատասխանելով հաջորդ հարցին՝ նշում էին մի շարք թերություններ, որոնք անմիջականորեն կարող են անդրադառնալ դիմորդի գնահատականի վրա: Պատասխանների մեջ գերակշռում էին կազմակերպչական աշխատանքների ցածր մակարդակը, մասնավորապես աղմուկը քննությունների ժամանակ, չափազանց մեղմ վերաբերմունքը արտագրողների նկատմամբ և չափազանց խիստ վերաբերմունքը առողջական պրոբլեմներ ունեցողների նկատմամբ (առանձին դեպքերում անգամ խիստ անհրաժեշտության դեպքում թույլ չէին տալիս դիմորդներին դուրս գալ): Ինչ վերաբերում է գործեր ընդունող հանձնաժողովներին, որոնց նույպես բավականին բարձր են գնահատել, նույնպես ունեն թերություններ։ Ըստ հարցվողների հիմնական թերությունը հերթերի գոյացումն է, որը վկայում է վատ կազմակերպչական աշխատանքների մասին, նաև բողոքներ կային հանձնաժողովների անուշադրության հետ կապված, որի պատճառով հետագայում որոշ դիմորդների մոտ թղթաբանության հետ կապված խնդիրներ են առաջացել:

Նշենք որոշ մասնավոր դեպքեր հանձնաժողովների ոչ կոմպետենտ աշխատանքի հետ կապված.

 


1. Մաթեմատիկայի միասնական քննության ժամանակ տեղի է ունեցել ինֆորմացիայի արտահոսք , այսինքն ծրարներն արդեն բացված են եղել, և որոշ ուսանողների բաժանվել են արդեն լրացված հարցաթերթեր, ինչը կոռուպցիայի բացահայտ դրսևորում է:
2. Ֆրանսերեն բանավոր քննության ժամանակ, ըստ հարցվողների, դիմորդներից մեկին գնահատել են 19 բալ, այն դեպքում, երբ նա չէր պատասխանել իրեն ուղղված հարցերի մեծ մասին:
3. Հայոց լեզու միասնական քննության ժամանակ հսկիչներն անտեսել են այն, որ որոշ դիմորդներ քննության ամբողջ ընթացքում բացահայտ օգնել են միմյանց, ինչպես նաև օգտվել ծածկագրերից:
4. Միասնական քննությունների ժամանակ եղել են դեպքեր, երբ դիմորդներից ոմանց թույլ են տվել դուրս գալ և թղթեր ներս բերել:
5. Կենսաբանության քննության ժամանակ որոշ դիմորդների, ծրարը բացելուց հետո տրվել են հարցաթերթի ճիշտ պատասխանները:

Ընդհանուր առմամբ կոռուպցիոն դեպքերի մասին բողոքներ շատ են եղել և հիմնականում միասնական համակարգի ժամանակ:

նդրադառնալով ընդունելեւթյան քննությունների օղակների (գործեր ընդունող հանձնաժողովներ, քննական հանձնաժողովներ, ԿԳ նախարարություն) կոռումպացվածության աստիճանին, հարցվողների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ նշված օղակները ընդհանրապես կոռումպացված չեն (55,8%, 33,7%, 35,8% `ըստ վերը նշված հերթականության): Այստեղ նկատվում է բացահայտ հակասություն վերջին երկու հարցերի պատասխանների միջև, ինչը վկայությունն է այն բանի, որ այս հարցերից մեկին պատասխանելիս հարցվողներն այնքան էլ ազնիվ չեն եղել:

Գնահատելով ընդուելության քննությունների նոր կենտրոնացված համակարգը դրական (34,7%)՝ հարցվողները նշում էին, որ համակարգը դրական լինելով հանդերձ դեռևս ունի ճիշտ կիրառության պրոբլեմ:

Այսպիսով, ընդունելության քննությունների մոնիթորինգի առաջին փուլում ստացվել են հիմնակաում դրական տվյալներ, սակայն հարցվողների մոտ նկատվել է վախի մթնոլորտ, ինչը բերել է պատասխանների ոչ լրիվ անկեղծության և հակասության որոշ հարցերի մեջ: