Վերապատրաստվել է հանրապետության 24 բժիշկ

11:12 • 25.07.08

Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ իրականացվող «Շարունակական բժշկության կրթություն» ծրագրի շրջանակներում այս տարվա առաջին կիսամյակում վերապատրաստվել են հանրապետության 24 բժիշկներ` վիրաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, թերապևտ, բժիշկ-լաբորանտ ընտանեկան բժիշկ և այլ մասնագետներ։ Ինչպես տեղեկացնում է ծրագրի համակարգող Համբարձում Սիմոնյանը, Հայաստանի տարբեր քաղաքներից` Մասիս, Կապան, Աշտարակ, Սևան, Վայք, Մեղրի, Աբովյան, և Արագած գյուղից ծրագրում ընդգրկված բժիշկները վերապատրաստվել են Երեւանի առաջատար կլինիկաներում։ Նրանց ընտրությունը կատարվում է նախնական ուսումնասիրությունների արդյունքում. լինում են շրջայցեր, կազմակերպվում հանդիպումներ, ուսումնասիրվում է իրավիճակը, վերջին տարիներին մասնագետի` վերապատրաստման ծրագրերին մասնակցությունը։ Հիվանդանոցների վերաբերյալ տեղեկատվություն է ստացվում նաև ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հ. Սիմոնյանի տեղեկացմամբ, վերապատրաստվում է ամսական 4 բժիշկ, մեկ ամիս ժամկետով։ Տարվա մեջ մեկ անգամ էլ կազմակերպվում է հանդիպում ծրագրի շրջանակներում վերապատրաստված բոլոր բժիշկների հետ, որի նպատակը որակավորման դասընթաց անցկացնելն է։ Նախորդ տարեհավաքին մասնակցել են բազմաթիվ մասնագետներ, այս տարի հավաք է նախատեսվում կազմակերպել աշնանը։ «Սա մի գործընթաց է, որը նպաստում է ծրագրի հետագա ընդլայնմանն ու զարգացմանը»,- ավելացրեց Հ. Սիմոնյանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև համապատասխան բուժսարքավորումների տրամադրում մարզային այն հիվանդանոցներին, որոնք դրանց առավել կարիքն ունեն։