Եթե պաշտպանեմ իրավունքներս, վատամարդ դուրս կգամ
Հեղինակային իրավանքների խախտման պատճառներից մեկն այն է, որ բոլորն այս ոլորտում աշխատում են բանավոր, և՛ իրավաբանները, և՛ հեղինակները։ Ինչպես այսօրվա ասուլիսին նշեց Հեղինակային իրավունքի պաշտպանության կենտրոնի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, ամեն ինչ պետք է կարգավորվի պայմանագրով։
Ըստ նրա՝ հեղինակային իրավունքների պաշտպանության մասին օրենքին կից նոր օրենքի ստեղծումը կստիպի կնքել անհրաժեշտ պայմանագրեր։
Ներսիսյանը նշեց, որ նոր օրինագիծը, որը շուտով կքննարկվի ԱԺ-ում, կդառնա նորմատիվ ակտ, որը կլուծի այդ ոլորտի խնդիրները։ Կենտրոնի տնօրենը հավելեց, որ գործող օրենսդրությունը բավարար է խախտումներն արձանագրելու և տույժեր նշանակելու համար, սակայն այդ ոլորտի խախտումները Հայաստանում կրում են մասսայական բնույթ, և անհրաժեշտ է ունենալ լրացուցիչ օրենսդրական ակտ։
Իր հերթին երաժիշտ, կոմպոզիտոր Մարտին Ահարոնյանը հավելեց, որ եթե այդ օրինագիծն ընդունվի, ապա կուժեղացնի ստեղծագործողների իրավունքների պաշտպանությունը։ Սակայն այս հարցում, ըստ կոմպոզիտորի, կան նաև տարօրինակ ազգային տարրեր։ «Այս ոլորտում երաժիշտներս, կատարողներն իրար շատ մոտ են, մտերիմ հարաբերություններում են նաև կազմակերպիչների հետ։ Եթե ես սկսեմ պաշտպանել իմ իրավունքները, ապա վատամարդ դուրս կգամ»,- պարզաբանեց նա։
Բացի դրանից, ինչպես նշեց Ահարոնյանը, երաժիշտները և ստեղծագործողները ցանկանում են զերծ մնալ տարբեր դատական քաշքշուկներից։ Այս հարցում իրենց անհրաժեշտ է փաստաբանների օգնություն։
Երաժիշտը հավելեց, որ ինքն անձամբ հանդիպել է իր ստեղծագործությունների կեղծված տարբերակներին։ Ահարոնյանի խոսքով՝ իրեն անծանոթ ռաբիս ոճի երգչի ձայնասկավառակում տեղ է գտել իր ստեղծագործությունը։










