ԱՄՆ-ում կայանում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները. ավելի քան 57 միլիոն ամերիկացի արդեն քվեարկել է վաղաժամկետ կամ փոստով

16:20 • 03.11.26

ԱՄՆ-ում կայանում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Ամերիկացիներն ընտրում են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամին և 100 սենատորից 35-ին:

Առաջին ընտրատեղամասերը բացվել են Երևանի ժամանակով ժամը 14:00-ին, վերջինները կբացվեն Ալյասկայում և Հավայան կղզիներում: Ավելի քան 57 միլիոն ամերիկացի արդեն քվեարկել է վաղաժամկետ կամ փոստով:

Առաջին ընտրատեղամասերը կփակվեն Երևանի ժամանակով նոյեմբերի 4-ին՝ ժամը 03:00-ին: Այդ ժամանակ սպասվում են առաջին արդյունքները:

Դեմոկրատական կուսակցությանը բավական է ստորին պալատում իր ներկայացվածությունն ավելացնել ընդամենը չորս տեղով՝ համեմատած ներկայիս 214-ի հետ, որպեսզի հասնի մեծամասնության համար անհրաժեշտ 218 տեղի շեմին:

Վերին պալատում հանրապետականները կարող են կորցնել ոչ ավելի, քան երեք տեղ, որպեսզի պահպանեն դրա նկատմամբ վերահսկողությունը:

Եթե դեմոկրատները վերահսկողություն ստանան Կոնգրեսի նկատմամբ, նրանք կկարողանան արգելափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրենսդրական օրակարգը, հետաքննություններ անցկացնել նրա վարչակազմի նկատմամբ և սահմանափակել պետական ծախսերը: Սենատի նկատմամբ վերահսկողությունը նրանց թույլ կտա նաև արգելափակել պետական պաշտոններում նախագահի առաջադրած թեկնածուների նշանակումները:

Թրամփը քվեարկության օրվան նախորդող օրը հայտարարել է, որ պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը, ինչն, իր խոսքով, սովորական է ամերիկյան քաղաքականության համար: