Սենեգա՞լ, թե Մարոկկո․ վաղը պարզ կդառնա Աֆրիկայի գավաթի չեմպիոնը
Մարզական արբիտրաժի դատարանը (CAS) երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, կհրապարակի Աֆրիկայի ազգերի գավաթի՝ Սենեգալի և Մարոկկոյի միջև վիճահարույց եզրափակչի վերաբերյալ իր վերջնական որոշումը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
CAS-ը հաստատել է, որ վճիռը կհրապարակվի Լոզանի ժամանակով կեսօրից հետո, սակայն հստակ ժամ չի նշել։ Այս որոշումը վերջնականապես կպարզի, թե որ հավաքականն է պաշտոնապես ճանաչվելու 2025 թվականի մրցաշարի չեմպիոն։
Ինչպե՞ս սկսվեց սկանդալը
Սենեգալի և Մարոկկոյի միջև եզրափակիչը կայացել էր 2026 թվականի հունվարի 18-ին՝ Ռաբաթում։ Հիմնական ժամանակի վերջին րոպեներին Մարոկկոյի օգտին նշանակված 11-մետրանոցից հետո Սենեգալի ֆուտբոլիստները, դժգոհելով մրցավարի որոշումից, լքել էին խաղադաշտը։
Հանդիպումը վերսկսվել էր շուրջ 14 րոպե անց։ Բրահիմ Դիասը չէր կարողացել իրացնել 11-մետրանոցը, իսկ լրացուցիչ ժամանակում Պապե Գեյեի գոլը Սենեգալին բերել էր 1։0 հաշվով հաղթանակ։ Սենեգալցիները տոնել էին չեմպիոնությունը, սակայն երկու ամիս անց Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) բողոքարկման հանձնաժողովը չեղարկել էր խաղի արդյունքը։ Առանց մրցավարի թույլտվության խաղադաշտը լքելու համար Սենեգալին գրանցվել էր 0։3 հաշվով տեխնիկական պարտություն, իսկ տիտղոսը շնորհվել էր Մարոկկոյին։
Կողմերի դիրքորոշումն ու սպասվող վճիռը
Մարտի 25-ին Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել էր CAF-ի որոշումը CAS-ում։ Սենեգալյան կողմը պնդում է, որ մրցավարի որոշումները վերջնական են, իսկ խաղը վերսկսվել և ավարտվել է հենց նրա թույլտվությամբ։ Մարոկկոն, իր հերթին, պայքարում է CAF-ի որոշմամբ իրեն շնորհված չեմպիոնական տիտղոսը պահպանելու համար։
Հիշեցնենք, որ CAS-ում գործի փակ քննությունը կայացել էր հոկտեմբերի 8-ին։ Դատարանն ի սկզբանե նախատեսում էր որոշումը հրապարակել մի քանի օր անց, սակայն հետագայում որոշեց ներկայացնել ամբողջական վճիռը՝ ներառելով նաև իրավական բոլոր հիմնավորումները։ Մինչև վաղը կայանալիք հրապարակումը Մարոկկոն շարունակում է պաշտոնապես համարվել մրցաշարի հաղթող։














