Աճուրդի է դրվել Մունկի ամենաարժեքավոր կտավներից մեկը
Christie's աճուրդի տունը վաճառքի կհանի Էդվարդ Մունկի «Պտղաբերություն» կտավը, որն աշխարհահռչակ նկարչի՝ մասնավոր հավաքածուներում մնացած ամենաարժեքավոր աշխատանքներից մեկն է։ Ենթադրվում է, որ կտավը կվաճառվի 25-35 մլն դոլարով։ Աճուրդը կանցկացվի Նյու Յորքում մայիսի 4-ին։ Այս մասին հաղորդում է artdaily.org-ը։
1890-ականներին ստեղծված կտավը 1902թ. գնել է գերմանացի դոկտոր Մաքս Լինդը, ով նպաստել է Մունկի կարիերայի վերելքին Գերմանիայում։ 1918թ. ի վեր կտավը գտնվել է մասնավոր հավաքածուներում Սկանդինավիայում, պարբերաբար ցուցադրության համար ժամանակավորապես տրամադրվել է եվրոպական և ամերիկյան թանգարաններին։
«Պտղաբերություն» կտավը Մունկը վրձնել է իր կարիերայի այն ժամանակաշրջանում, երբ սիրավեպ է ունեցել Օսլոյի հարուստ գինեգործի աղջկա` Տուլա Լարսենի հետ։ Ենթադրվում է, որ հենց նա էլ պատկերված է կտավում։ Չնայած բուռն սիրավեպին` 1902թ. զույգը բաժանվում է։ Երբ Մունկը հայտարարում է բաժանվելու ցանկության մասին, Լարսենը փորձում է ինքնասպանություն գործել, նկարիչն էլ խլելով ատրճանակը` պատահմամբ կրակում է իր ձեռքի մատի վրա։
Էդվարդ Մունկի վերջին կտավը, որ հանվել է վաճառքի, «Վամպիրն է». 2008թ. նոյեմբերին այն վաճառվել է 38,1 մլն դոլարով։










