Русская премия մրցանակ Մարիամ Պետրոսյանին
Երեկ Մոսկվայում հայտնի են դարձել Русская премия գրական մրցանակի հաղթողների անունները: Մրցանակը շնորհվում է ՌԴ սահմաններից դուրս ապրող բանաստեղծներին ու գրողներին, ովքեր ռուսերեն են ստեղծագործում։ Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։ Նշենք, որ «Խոշոր արձակ» անվանակարգում մրցանակը շնորհվել է հայաստանցի Մարիամ Պետրոսյանին՝ Дом, в котором... վեպի համար։
Նշենք, որ սա գրողի միակ վեպն է, որը 2009թ. հավակնում էր Большая книга մրցանակին և զբաղեցրել էր երրորդ տեղը ընթերցողների քվեարկության արդյունքում։ Дом, в котором... վեպը անչափահաս հաշմանդամների ինտերնատ-դպրոցի մասին է։
Русская премия գրական մրցանակի դափնեկիրներից յուրաքանչյուրն արժանանում է հինգ հազար դոլար պարգևի։
Русская премия մրցանակը շնորհվում է արդեն հինգերորդ անգամ. մրցույթը հիմնադրվել է 2005թ. «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» և «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի» կողմից։ Գործընկերն է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի հիմնադրամը։
Նշենք, որ 2010թ. մրցույթի ժյուրիի կազմում են եղել բանաստեղծներ ու գրողներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից և Լատվիայից։










