Հայաստանը ավելի քան 35 ֆիլմ կներկայացնի Կաննի միջազգային կինոշուկային

14:36 • 13.04.10

Կաննի միջազգային կինոշուկային, որը կանցկացվի մայիսի 12-23-ը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի 8 անիմացիոն, 4 վավերագրական, 12 դեբյուտային և ուսանողական, 3 խաղարկային կարճամետրաժ և 8 խաղարկային լիամետրաժ ֆիլմեր, այդ թվում նաև Մ. Դովլաթյանի «Սողանքը» (կինոնախագիծ)։ Այս մասին լրագրողներին հայտնեց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։

«Այս տարի մենք փորձել ենք ավելի պատրաստված հանդես գալ։ Ֆիլմերի ցուցադրումների համար արդեն իսկ վարձել ենք կինոթատրոններ, շահագրգռված կողմերին շուտով կուղարկենք համապատասխան նամակներ, նաև արդեն պատրաստել ենք շուրջ 120 դիստրիբյուտորներ»,- մանրամասնեց Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ մասնակցել էր հիշյալ կինոշուկային անցյալ տարի՝ ներկայացնելով 2006–2009թթ. նկարահանված ֆիլմեր։

«Մասնակցությունը շատ դրական արդյունք տվեց. մեկ տարվա ընթացքում հայկական ֆիլմերը մասնակցեցին շուրջ 40 կինոփառատոնների»,- ասաց նա՝ նշելով, որ հայկական ֆիլմերը ստացան միջազգային ճանաչում։

Այս տարի կինոշուկային ներկայացված ֆիլմերից Գևորգյանը նշեց մի քանիսը՝ Հ. Գալստյանի «Խճճված զուգահեռներ»–ը, Ս. Բաբայանի «Մի նայիր հայելուն», Հ. Օրդյանի «Արտավազդ Փելեշյան»–ը և Հ. Հախվերդյանի «Նարակացի որոնելիս»։