Մեծ եղեռնի նահատակների աչքերը՝ դասական և ժամանակակից նկարիչների աշխատանքներում

16:42 • 16.04.10

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 95–րդ տարելիցին։ Ցուցահանդեսին ներկայացված էր գեղանկարչության շուրջ 100 նմուշ՝ սկսած Վ. Սուրենյանցի, Գ. Բաշինջաղյանի, Մ. Սարյանի և վերջացրած ժամանակակից նկարիչների աշխատանքներով։

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սփյուռքի և մշակույթի նախարարաները և այլ պաշտոնյաներ։ Իր ելույթում վարչապետը կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ այս հարցում իրենց խոսքն ունեն ասելու նաև արվեստագետները, այս պարագայում՝ նկարիչները։

«Հայոց ցեղասպանության 95–րդ տարելիցին նվիրված միջոցառումները բազմաբովանդակ են, ծրագիրը՝ բավական հարուստ», – պարզաբանեց վարչապետը։

Նշենք, որ ցացահանդեսի կազմակերպիչներն են Աշխարհի հայ նկարիչների միավորումը, Արարատյան հայրապետական թեմը, Ազգային պատկերասրահը՝ մշակույթի նախարարության օժանդակությամբ և «Արմենտել» /Beeline/ ընկերության հովանավորությամբ։

Ներկայացված բոլոր նմուշները՝ բացառությամբ հինգի, Աշխարհի հայ նկարիչների միավորումը նվիրաբերում է պատկերասրահին։ «Արմենտել» ընկերությունը գնելու է մյուս 5 աշխատանքները և նվիրելու դրանք Հայոց ցեղասպանության ինստիտուտ–թանգարանին։

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 28–ը։