Օրհան Փամուքը մերժել է Թայիփ Էրդողանին

17:17 • 16.04.10

Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը հրաժարվել է մասնակցել թուրք գրողների պատվին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մատուցվելիք ճաշին:

Firat գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրները, գրում է, որ Օրհան Փամուքն ուղղակի հետ է վերադարձրել Թուրքիայի վարչապետի հրավերը:

Տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի «ժողովրդավարական նախաձեռնության» շրջանակում շաբաթ օրը կազմակերպվելիք ճաշին հրաժարվել է մասնակցել նաև թուրք հայտնի գրող Յաշար Քեմալը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին շրջանում սկսել է հաճախակի կազմակերպել նման միջոցառումներ: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում թուրք մտավորականների հետ: