«Նարեկացի» համույթը եվրոպացիներին կներկայացնի հայկական երաժշտությունը
Ապրիլի 22-ից մայիսի 8-ը «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը «Երկիր Եվրոպա» կազմակերպության հրավերով համերգներով հանդես կգա եվրոպական 10 քաղաքներում:
Ծրագրի շրջանակում ապրիլի 30-ին Փարիզում կկայանա բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը կտրամադրվի 2008թ. ավտովթարից տուժած իննամյա Ալեքս Չուֆլաքյանի բուժմանը:
Համույթը կայցելի նաև շվեյցարական Ժնև, Ցյուրիխ, Լուգանո, ֆրանսիական Լիոն, Թուլուզ, Մոնթելիմար, Ռոման, Սարլա, Սենթ Շամասի և Կահոր քաղաքներ, կմասնակցի վարպետության դասերի Ռոմանի երաժշտանոցում և եվրոպացի հանդիսատեսին կծանոթացնի հայկական ժողովրդական նվագարաններին:
Ինչպես հայտնում են «Նարեկացի» արվեստի միությունից, համերգային ծրագրում, թերևս ամենախորհրդանշականը ապրիլի 24-ին Լուգանոյում (Շվեյցարիա) կայանալիք միջոցառումն է, որը ներկայացնելու է հայ հոգևոր երաժշտության նմուշներ և ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառումը կանդրադառնա նաև շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերին, որը Ցեղասպանության, հայության տառապանքների ականատեսն է եղել և իր մարդասիրական գործունեությամբ մեծ և անփոխարինելի աշխատանք է կատարել` ի նպաստ հայերի:
Եվրոպայում բարեգործական համերգային ծրագրին օժանդակելու, ինչպես նաև համույթի հետագա ծրագրերին սատարելու նպատակով ապրիլի 18-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, կկայանա բարեգործական համերգ։










