Քափլանօղլուն Երևանում խոսել է ժամանակակից թուրքական կինոյի մասին

18:57 • 17.07.10

90–ականների վերջի թուրք ռեժիսորների գործունեությունն ունի մեկ ընդհանուր գիծ։ Ինչպես այսօրվա ասուլիսին ասաց թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն, այդ ռեժիսորները, որոնցից մեկն էլ ինքն է, հրաժարվել են ավանդական ռեժիսուրայի մեթոդներից։ «Նրանք ավելի իրատեսական ուղով են շարժվում, հայացքն ուղղված է դեպի հասարակ, փոքր մարդը», – ասաց նա։

Բացի դրանից, այդ շրջանի ռեժիսորների մոտ կա մի ուրիշ առանձնահատկություն. կինո նկարելիս նրանք հանդես են գալիս ոչ միայն որպես ռեժիսոր, այլև պրոդյուսեր, սցենարի հեղինակ, երբեմն նաև որպես օպերատոր։

Քափլանօղլուն նկատեց, որ իրենց ֆիլմերը բացահայտվում են արտասահմանում, այլ ոչ թե Թուրքիայում։ Սակայն վերջերս այդ ռեժիսորների ֆիլմերը տարածվում են նաև իրենց երկրում։