«Ոսկե ծիրանին» մասնակցած թուրք ռեժիսորը Հայաստանի կինեմատոգրաֆիայում կոմունիզմի շունչն է զգացել
Հուլիսի 18-ին ավարտվեց «Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը, որի փակման և մրցանակների հանձնման արարողությունը կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում: Այս տարի փառատոնի ստացած շուրջ 500 հայտերից ընտրվել էին և ցուցադրվեցին մոտ 120 ֆիլմեր, որոնցից 45-ը մրցում էին 3 անվանակարգերում, իսկ դրանք դատում էին 5 միջազգային ժյուրիներ:
«Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ» անվանակարգում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին արժանացավ թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմը, իսկ մեկ այլ թուրք ռեժիսոր` Սեմիհ Քափլանօղլուն, փառատոնին մասնակցում էր իր «Մեղր» ֆիլմով: Բացի այդ, Քափլանօղլուն այս տարվա խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն էր:
Թուրքիա վերադառնալոց անմիջապես հետո Քափլանողլուն թուրքական «Թարաֆ» օրաթերթի հետ է կիսել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, հայկական կինեմատոգրաֆիայի և ընդհանրապես Հայաստանի հետ կապված իր տպավորությունները:
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե «Եթե մրցանակը մեկնաբանեք քաղաքական տեսանկյունից, կարելի՞ է ասել, որ այն Հայաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածությունն արվեստի միջոցով մեղմելուն ուղղված մի քայլ է», Սեմիհ Քափլանօղլուն ասել է, որ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել դրանում։
«Այդպես կարելի է մտածել, սակայն իրականում այդպես չէ: Երբ հարցին մոտենում ենք քաղաքական գործիչների տեսանկյունից, կարելի է այդպես մտածել, սակայն մրցանակը Ռեհա Էրդեմի ֆիլմին շնորհվել է արվեստի անունից: Չպետք է այն քաղաքականացնել: Օրինակ, ժյուրի կազմում կային մարդիկ, որոնք ընդհանրապես տեղյակ չէին հայ-թուրքական լարվածության մասին»,- ասել է Քափլանօղլուն` ավելացնելով, որ հայերի և թուրքերի միջև առկա խնդիրները չեն լուծվում հենց քաղաքական մոտեցման և հայացքների պատճառով:
«Սակայն եթե հարցին մոտենանք մարդկային և խղճի տեսանկյունից, բոլորովին այլ պատկեր կստեղծվի: Միշտ թվերից ենք խոսում, ասում ենք` մեր կողմից այսքան մարդ է մահացել: Իրականում նրանցից յուրաքանչյուրը մի մարդ է և ամենքն էլ մի պատմություն ունի: Որոշ բաներ եղել են, սակայն դա այդպես չպետք է թողնենք. պետք է ցույց տանք, որ ցավում ենք, զղջում և պատրաստ ենք նստել ու խոսել: Գոյություն ունի Ցեղասպանության թանգարան: Սակայն եղել են մուսուլման հոգևորականներ, պետական այրեր, որոնք դեմ են դուրս եկել տեղահանությանը և այդ տարիներին պաշտպանել են մարդկանց: Այդ առնչությամբ կան գրառումներ:
Այդ թանգարանում պետք է ստեղծել նաև այդպիսի բաժին: Առկա է սխալ ինֆորմացիա: Ասում են թուրքական կայսրություն, սակայն նման բան գոյություն չունի, կա Օսմանյան կայսրություն: Թանգարանի դիրքորոշումն ուղղված է բոլոր թուրքերին և դա սխալ մոտեցում է: Նման բան այսօր առկա է նաև մեր մեջ: Մենք` այսօր ապրողներս, չենք կարող դրա համար պատասխանատվություն կրել, մենք պետք է անցյալում տեղի ունեցածը քննարկենք և դրա հետ հաշվի նստենք»,- հայտարարել է Քափլանօղլուն:
Իսկ ի պատասխան այն հարցին, թե «Ի՞նչ եք մտածում Հայաստանի կինեմատոգրաֆիայի մասին», Քափլանողլուն ասել է. «Այս հարցում պետք է ռեալիստ լինել: Կար երկու հայկական ֆիլմ, դրանցից ոչ մեկն էլ չհավանեցի: Ժամանակից հետ են մնացել: Հայաստանն արտաքին աշխարհից կտրված երկիր է: Այնտեղ դեռ զգացվում է կոմունիզմի վնասները, երկարամյա ռեժիմի ճնշումները։ Երբ մարդիկ ուզում են մի բան ասել, նախ նայում են շուրջը, հետո` քչփչում։
Մեր երկրում էլ կան նման բաներ, սակայն արդեն կարողանում ենք քննադատել, հաշվի նստել իրողությունների հետ: Իսկ Հայաստանն այդ ռեժիմի պատճառով մեզանից շատ հետ է մնում: Բայց, միևնույն ժամանակ էլ, մեծ ռեժիսորներ ունեն: Կարճ ասած` նրանց ֆիլմերն ինձ հիասթափեցրին: Բայց երիտասարդ ռեժիսորներ կան, որոնք, հավանաբար, մեծ գործեր են անելու: Բնականաբար, պետք չէ քննադատել հին սերնդի ռեժիսորներին, որովհետև նրանք դեռ իրենց վրա են կրում այդ ռեժիմի հետքերը»:










